«Երկու տարի հույսս կորցրած ապրել եմ՝ «վայելելով» Սաթիկի մերժումը». Արթուր Կարապետյան
LIFEBRAVO.am-ը գրում է
Համավարակային նոր իրականությանն Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը բավական դժվար են համակերպվել. դե, իհարկե, չկան ներկայացումներ, փորձեր, սակայն դերասանների ընտանիքը փիլիսոփայորեն է վերաբերվում իրավիճակին եւ լցված է լավատեսությամբ։ BRAVO.am-ն օրերս հանդիպել է սիրված արտիստներին, լուսանկարել եւ հետաքրքիր զրույց ունեցել։
— Պարո՛ն Կարապետյան, տիկի՛ն Սաթիկ, դժվար շրջան ապրեցինք, բայց փորձեցինք լավատես լինել։ Շատերն ասում են, որ վերաարժեւորել են կյանքը, բացահայտումներ արել, որոշներն էլ բողոքում են, որ համավարակի օրերն իրենցից շատ բան են խլել։ Ձեր դեպքում ի՞նչ կատարվեց, ի՞նչ տվեց ձեզ այս շրջանը։
Ա. Կ. — Ձեր թվարկածների հետ համաձայն եմ: Ըստ իս, նաեւ սերն ու հոգատարությունն ավելացավ, ու հիմա մարդիկ իրար ավելի ուշադիր են դարձել: Երեւույթներ, որոնց մասին կարծես մոռացել էինք, եւ համավարակը ստիպեց թարմացնել մեր հիշողությունը։ Ինչ վերաբերում է մեզ հետ կատարվածին, ասեմ, որ թվում էր, թե Սաթիկի մասին ամեն ինչ գիտեմ, բայց արի ու տես, որ միասին անցկացրած մեկուսացումը թույլ տվեց նոր բացահայտումներ անել։ Դրանք ե՛ւ հետաքրքիր էին, ե՛ւ գնահատելի… Սակայն, անշուշտ, համավարակը, որպես բացասական երեւույթ, անհերքելի է: Բոլորիս ծրագրերը փոխվեցին: Հետաքրքիր պլաններ ունեինք թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում։ Նոր մի քանի ներկայացում, ցավոք, մնացին օդից կախված: Հյուրախաղեր կային, փառատոներ, որոնց պետք է մասնակցեինք, ու էլի շատ ուրիշ բաներ։ Իրականում, իհարկե, այս ամենին նաեւ մի փոքր այլ կերպ եմ նայում. սա մի մեծ փորձաշրջան է, որի դասերը պիտի չմոռանաս: Իսկ երեւույթների վերաարժեւորում, ենթադրում եմ, բոլորիս մոտ է եղել…