«Փորձում եմ ամեն ինչ անել, որ կարողանամ իրեն վերադարձնել Հայաստան». Նարեկ Մակարյանի մայրը մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում կապվել որդու հետ
LIFEԵրգիչ Նարեկ Մակարյանի մայրը նշում է, որ մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում կապ հաստատել ԱՄՆ-ում բնակվող որդու հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում տիկին Մարինան ասաց, որ հատկապես, շատ է անհանգստացել երեկ Նարեկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը դիտելով, որում երգիչը նշել է. «Ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ այստեղ ինչ-որ մի բան կատարվում ա, ուզում են սպանել…», որից հետո նրա հեռարձակումն ընդհատում են: Ավելի ուշ տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մի քանիսը գրել են, որ Նարեկի մոտ սթրեսային տագնապ է եղել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Շատ տարօրինակ բան եմ զգում, որովհետեւ մինչ այդ հայտարարությունն էլ մենք մոտ մեկ ամիս է` հեռախոսային կապ չենք ունեցել Նարեկի հետ, չէինք խոսում, չէինք շփվում: Նույնիսկ, ծննդյան օրը չենք կարողացել կապ հաստատել, որ անձամբ շնորհավորեինք նրան, բայց մտածեցինք` միգուցե զբաղված է, ընկերների հետ է նշում: Նա կապի դուրս է գալիս մեր բարեկամների միջոցով, նախ հեռախոսակապ չի լինում, հետո պարզվում է՝ հեռախոս չունի: Ես ստիպված Facebook-ում տորթի նկարով հրապարակում տեղադրեցի, որ իմանան բոլորը, որ շնորհավորեն ու նա արձագանքի, բայց նրա կողմից արձագանք չի եղել… »,-նշում է երգչի մայրը՝ խոստովանելով, որ նախկինում որդու հետ օրը 5-6 անգամ շփվում էին: