Սեզոնային որոշ մրգեր թանկացել են. գնաճը շարունակվել է նաև օգոստոսին
ECONOMICSՀանրապետությունում նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 2020թ. հունվար-օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է 1,8 տոկոս գնաճ: Մասնավորապես 2020թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը կազմել է 1,6 տոկոս: Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների դեպքում արձանագրված գնաճը, ընդհանուր առմամբ, 10,1 տոկոս է: Առանձին դիտարկելով սննդամթերքի շուկան՝ նկատենք, որ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 3,9 տոկոս գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում գնանկումը շարունակվել է նաև 2020թ. օգոստոսին՝ կազմելով 3,9 տոկոս:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գների 3,5 տոկոս նվազում կա: Ձվի գինը 2020թ. օգոստոսին ևս շարունակել է իջնել՝ 2019թ. օգոստոսի համեմատ նվազելով 20,7 տոկոսով: Թեպետ նկատենք, որ այս շուկայում 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի համեմատ 2 տոկոս գնաճ է արձանագրվել: Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. հուլիսի համեմատ 2020թ. օգոստոսին հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Իսկ մրգի շուկայում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 30,6 տոկոս գնաճ է գրանցվել:
Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ: Ըստ հրապարակված տվյալների, որոշակի գնաճ կա հատկապես մի շարք սեզոնային մրգերի առումով. մասնավորապես, ծիրանի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ 28,8 տոկոսով բարձրացել է: 2020թ. օգոստոսին էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ծիրանի գինն աճել է 34,4 տոկոսով: Դեղձի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ավելացել է 18 տոկոսով, իսկ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ՝ 47,1 տոկոսով:
Ձմերուկի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ընդամենը 0,5 տոկոս է բարձրացել, մինչդեռ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 82,9 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ բանջարեղենի շուկայում մի քանի բացառություններով հիմնականում գնանկումներ են: Այդ բացառությունների շարքում նաև լոլիկն է, որի գինը 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է 22,5 տոկոսով: Հաջորդը սմբուկն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, իսկ կանաչ լոբու գինը բարձրացել է 26,7 տոկոսով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում էլ 0,6 տոկոս գնաճ ունենք: Մասնավորապես, 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 8,7 և 1,1 տոկոս գնաճ: Այդուհանդերձ, 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 23 և 29,8 տոկոսով: