«Նոյի ծնունդն ամեն ինչ փոխեց մեր կյանքում». Լյուսին` որդու 2-ամյակի, նրա նախասիրությունների և փոխված կյանքի մասին
LIFEԵրգչուհի Լյուսիի` Լուսինե Աղաբեկյանի և ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի որդին` Նոյը, այսօր դառնում է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Լյուսին ասաց` ամեն ինչ արել են, որպեսզի համաճարակային իրավիճակը փոքրիկի վրա չազդի:
«Անպայման ուզում էինք օրն ինչ-որ կերպ նշել: Բացօթյա տարածք վերցրեցինք, շատ քիչ հյուրերի հետ ենք նշում: Ամեն ինչ «Ջունգլի» թեմայով է, տորթի վրա կենդանիներ են, քանի որ Նոյն այն տարիքում է, երբ նոր է սովորում՝ որը որ կենդանին է: Ցանկացանք այնպիսի թեմա ընտրել, որպեսզի երեխային ամեն մի փոքրիկ դետալ հետաքրքիր լինի»,-ասաց նա:
Լյուսիի խոսքով` Նոյը նվերներ շատ է ստացել: «Ես սիրում եմ, երբ փաթեթավորած նվերը փոքրիկն ինքնուրույն բացում է, տեսնում, թե տուպի մեջ ինչ է: Ծննդյան օրվանից հետո Նոյն ինքը կբացի բոլոր նվերեները»,-ասաց նա և հավալեց, որ Նոյի ամենասիրելի խաղալիքները մեքենաներն են:
Երգչուհին նշեց, որ, որքան էլ զարմանալի հնչի, Նոյը հեռախոսներից կախում չունի: «Վերցնում է հեռախոսը, ասում է` ալո, դնում մի կողմ: Դեռ շատ վաղ հասակից սովորեցրել ենք, որ հեռախոսը զանգելու համար է, չպետք է դրանով մուլտֆիլմ դիտեմ: Եթե ցանկություն է ունենում մուլտֆիլմ դիտել, դիտում է հեռուստացույցով, ոչ թե սմարթֆոններով: Մենք երբեք հեռախոսը չենք տվել երեխայի ձեռքը, որպեսզի խելոք նստի,- ասաց նա և ընդգծեց, որ մինչև 10 ամսական դառնալը Նոյը խելոք երեխա է եղել,-Այնքան խելոք էր, որ մտածում էի` այսպիսի խելոք երեխա եթե լինի, մի քանիսը կունենամ, բայց հիմա շատ ակտիվ է: Առաջիկայում պետք է զարգացման կենտրոն հաճախի, որպեսզի իր օրն ավելի հետաքրքիր դառնա»:
Փոքրիկ Նոյի համար երեկոյան զբոսանքներն արդեն պարտադիր պայման են դարձել. «Քնելուց առաջ դուրս ենք գալիս զբոսնելու, մաքուր օդ շնչելու, որովհետև եթե դուրս չգանք, 21:30-ի փոխարեն Նոյը կքնի կեսգիշերին: Դա արդեն պարտադիր պայման է մեր ընտանիքում: Դրսում իր ընկերների հետ խաղում է, վազվզում, երբ տանն է, միասին ենք ժամանակ անցկացնում: Փորձում եմ գույներ, բառեր սովորեցնել: Դեռ լավ չի խոսում, մի քանի բառ է կարողանում ասել, բայց ամեն ինչ լավ հասկացնում է»:
Հարցին` Նոյն իրե՞ն, թե՞ Արամայիսին է նման, Լյուսին պատասխանեց. «Արտաքնապես Արամայիսին է նման, միայն աչքերն են նման իմ աչքերին: Քանի որ որպես անհատ ձևավորված բնավորություն դեռ չունի, չգիտեմ, թե բնավորության գծերով ում ավելի շատ նման կլինի: Նոյն Արամայիսին շատ է սիրում, շատ կապված է նաև նրա հետ: Երբ Արամայիսը դուրս է գալիս տանից, Նոյը երկար ժամանակ լացում է նրա հետևից»:
Լյուսին նաև ասաց, որ ծնող լինելը շատ պատասխանատու է. «Դառնում ես ծնող, նոր զգում ես, թե ինչ պատասխանատվություն է ուսերիդ: Նոյի ծնունդն ամեն ինչ փոխեց մեր կյանքում: Երբ մայր դարձա, հասկացա, թե ինչի համար եմ եկել այս աշխարհ, ինչ ունեմ և ինչ եմ ուզում հետագայում ունենալ: Չեմ պատկերացրել, որ երեխան այսքան բան կփոխի, եթե մտածեի, ավելի շուտ կունենայի: Այնքան պայծառ եմ առավոտյան արթնանում, որովհետև Նոյին եմ տեսնում, նա օրս լցնում է: Նույնիսկ ամենատխուր պահին, երբ նայում եմ նրան, տրամադրությունս փոխվում է»: