Ներկայացվել է «Եվրատեսիլի» անցկացկման չորս սցենար
LIFE«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են 2021թ.-ին միջոցառման անցկացման չորս սցենար։ Մրցույթի ձեւաչափը կախված կլինի աշխարհում համաճարակային իրավիճակից, հաղորդում է «Եվրատեսիլի» կայքը։
Առաջին՝ ավանդական տարբերակը ենթադրում է մրցույթի անցկացում Ռոտերդամում (Նիդերլանդներ)՝ «Ahoy» համերգային դահլիճում, ուր ներկա կլինեն ժյուրին ու հանդիսատեսը։ Այս դեպքում մրցույթի մասնակիցները կարող են նաեւ այլ միջոցառումների մասնակցել, որոնք կանկացվեն քաղաքում։
Երկրորդ տարբերակը որոշակի սահմանափակումներ մտցնելն է. դահլիճում սոցիալական հեռավորություն կպահպանվի, կկրճատվի միջազգային պատվիրակությունների ու մամուլի ներկայացուցիչների թիվը։ Սահմանափակումները կվերաբերեն նաեւ քաղաքային միջոցառումներին։
Ըստ երրորդ սցենարի՝ մրցույթի մասնակիցները, որոնք սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանա Ռոտերդամ մեկնել, հնարավորություն կստանան դիստանցիոն ելույթ ունենալ՝ գտնվելով հայրենիքում։
Չորրորդ տարբերակն առաջարկում է «Եվրատեսիլն» ամբողջությամբ առցանց ձեւաչափով անցկացնել։ Այդ դեպքում կչեղարկվեն նաեւ բոլոր միջոցառումները Ռոտերդամում։
2020թ.-ին «Եվրատեսիլ» չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հունիսին կազմակերպիչները նշել են հաջորդ տարի մրցույթի անցկացման օրերը։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 18-ին եւ 20-ին, եզրափակիչը ծրագրված է մայիսի 22-ին։