ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա
POLITICSԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:
Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:
Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



