«Սա է քարտեզը. 100% շրջափակման մեջ ոչ մի գիտակից մարդ չի ապրի». Նազենի Հովհաննիսյան
LIFEԴերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Արցախի նոր քարտեզն ու գրառում արել:
«Չեմ կարողանում ապրել, էլ ուր մնաց գրեմ: Սա է քարտեզը: Անկլավի, 100% շրջափակման մեջ ոչ մի գիտակից մարդ չի ապրի: Շուշիից Ստեփանակերտն ափի մեջ է: Գետաշեն ինչ-որ չեմ տեսնում: Սուտ լուրերով ու կեղծ կոչերով կերցրին, հիմա էլ նույնը: Մեռնեի մի րոպե շուտ ու այս ամենը չտեսնեի: Ուղեղս չի լռում, գոռում է հա: Ու երբ հարցեր էի տալիս, բերանս էին փակում: Դե ասեք, ո՞նց ապրենք, հետ գնացեք ու տեսեք գրածներս, ապրածներս, ունեցած դրախտը: Հարցեր տալու ժամանակը բա ե՞րբ էր, այս քարտեզից հետո՞:
4 օրից Դադիվանք են մտնում, պիտի ազատենք, ու այսպես հինգ օրը մեկ բոլոր վանքերը, գյուղերը, դպրոցները, տները` դեռ վարկերի տակ մնացած: Այսինքն` Քարվաճառի տանն ապրելու է թուրքը, իսկ վարկը փակի հայը`իր կիսախեղված մարմնով, իր խեղված հոգով ու քրքրված հայրենիքով: Թուրքն արդեն շրջանառության մեջ է դրել «իր տարածքներում» ապօրինի գործ անող հայերի դեմ դատական պրոցեսներ, իր գույքի ապօրինի օգտագործման, պատկերացնո՞ւմ եք:
Բայց ո՞նց չմեռնեմ ախր, ու ո՞նց ուղեղս լռի:
Մեր վանքերը, տները, ամենասիրուն բնությունը, սրբությունները ոնց են պղծելու, ո՞նց ենք այսպես պղծված ապրելու:
Հ.Գ. Քարտեզին ուշադիր նայեք ու տեսեք, որ ոտքով մի օր մտնելու են Հայաստան: Մեղրիով լինելու է Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ: Հայաստանով կապում ենք երկու ոխերիմ թշնամիներին, որ միանգամից ոտքով մտնեն Երևան: Կապան, Քաջարան, Գորիս... այդ մարդիկ ո՞նց ապրեն: Իրականությունը ոչ թե դառն է, այլ ոչնչացնող:
Գոնե Քարվաճառը հետ բերենք համոզելով, կռվելով: Գժի պես քայլում եմ Երևանով` հասկանալով, որ մի օր էլ այսպես «համակերպված» մեր ամեն ինչն ենք տալու:
Պետք է ինչ-որ լուծում գտնել, չգիտեմ ոնց, լուծում: Գոնե ինչ-որ ձև փոխվի այս անիծյալ քարտեզը, որ վերջին օրով եկավ ու գլխատեց բոլորիս 44-րդ օրը: Այսօր Նոյեմբերի 11-ն է, հետհաշվարկը սկսվել է:
Խոնարհումս բոլոր հերոսներին, կռվող ու պայքարող մարտիկներին, իրենց տեղում իրենց գործն անող, թիկունքում անհոգնել գործ անողներին: Ո՞նց ենք իրար աչքերի մեջ նայելու»,-գրել է նա` վերջում թվարկելով Արցախի բոլոր եկեղեցիների անուններն ու հիմնադրման տարեթվերը: