Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստն ամբողջությամբ

POLITICS

Past.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.

«Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ.

Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության հանրային հուսահատություն է առաջացրել և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձնից:

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը:

Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը և դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը  նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի:

Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ:

Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: 

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ նաև ձեզ համար: 

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե ֆիզիկական, թե քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:

Ընդ որում, այս իրավիճակում և պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ:

Շատերը հիմա նաև այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Նաև այն պատճառով, որ ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել:

Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է հետևյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են:

Հասկանալի և բնականորեն առաջացող հաջորդ հարցը հետևյալն է. իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին և երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին և մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները և բնականաբար՝ առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց ցավոք՝ ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական և զորահավաքային շարժումը, իհարկե բազմաթիվ հերոսական դրսևորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար:  

Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:

Սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն և ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ: 

Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից: Շատերը կհարցնեն, թե արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:

Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին:  

Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը: 

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը

Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Խոնարհում մեր նահատակների առաջ»:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'