«Մա՛մ, քեզ լավ կնայես»․ Գևորգի վերջին խոսքերը՝ մայրիկին
LIFE«Գևորգը շատ պայծառ, լուսերես, ընկերասեր և ազնիվ տղա էր: Տղաս միշտ պատրաստակամ էր՝ բոլորին օգնելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հայրենիքի պաշտպանության համար նահատակված Գևորգ Գևորգյանի մայրը՝ Թամարա Գևորգյանը:
Գևորգը դեռ փոքրուց աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ: Օտար երկրում ապրելը Գևորգի մեջ ավելի մեծացրեց սերը դեպի հայրենիքը. «Հանգամանքների բերումով մենք ապրել ենք Գերմանիայում: Գևորգը հագնում էր զինվորական համազգեստ, միշտ հայրենասիրական երգեր էր լսում, անգամ, իր սենյակի պատուհանից ծածանվում էր մեր եռագույնը»,- ընդգծեց հերոսի մայրը:
Մայրը պատմում է՝ Գևորգը ուներ մեկ նվիրական երազանք՝ վերադառանալ և ծառայել հայրենիքին. «Անցան տարիներ, Գևորգը վերադարձավ հայրենիք, հպարտությունն՝ աչքերում, հայրենասիրությունը՝ սրտում: Ամեն անգամ զարմացնում էր իր հայրենասիրությամբ, երբ ասում էի՝ բացատրի՛ր սերդ դեպի հայրենիքը, պատասխանում էր՝ դու իմ Հայաստանի մայր թագուհին ես, իսկ ես գնում եմ հայրենիքս պաշտպանելու՝ քեզ թողնելով հայրենիքիս»,- մեծ ցավով վերհիշում է տիկին Թամարան:
Գևորգը 15 օր շարունակ պայքարել է թշնամու հազարավոր բանակների դեմ, ոչնչացրել է թշնամու 10 տանկ, 5 անօդաչու թռչող սարք: Նա փրկել է իր ընկերոջը գերությունից, գրավել է դիրքեր և ազատագրել գյուղեր. «Հայկական գյուղերից մեկում Գևորգը ընկերոջը խնդրել էր, որպեսզի մտնեն հայկական դպրոց և Գևորգը դասասենյակներից մեկի գրատախտակին գրել էր՝ երեխանե՛ր ջան, դուք նորից վերադառանալու եք ձեր դպրոցը և սովորեք հայրենասիրություն ու հերոսություն»,- խորը կսկիծով պատմում է Գևորգի մայրը:
Հերոսի մայրը միմիայն հպարտանում է իր որդով, քայլում է հպարտ և անկոտրուն հայացքով. «Գևորգը իմ միակ որդին է, և ես հպարտ եմ, որ ունեմ Գևորգի նման հայրենասեր որդի, որը իր կյանքը չխնայեց հանուն իմ, քո և բոլորիս: Ես, որպես մայր, վստահ եմ՝ մեր պատմության մեջ կգրվեն մեր հերոսների սխրանքները, և ապագա սերունդները կճանաչեն նորօրյա հերոսներին»,- հպարտությամբ ընդգծեց Թամարա Գևորգյանը:
Գևորգը զոհվելուց անմիջապես 2 ժամ առաջ, ընկերոջ մարմինը չթողնելով կրակահերթի տակ, 10 կմ գրկած տեղափոխել է մոտակա հիվանդանոց: Նա զոհվել է հոկտեմբերի 10-ին թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից:
Գևորգը շատ նրբանկատ էր, նա, իմանալով՝ մայրը անհանգիստ է իր համար, պատերազմական օրերին ամեն օր զանգահարել է և ասել, որ հաղթելու են, բայց այլ էր նրանց վերջին հեռախոսազանգը. «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երկար չխոսեցինք, միայն ասաց, մա՛մ, քեզ լավ կնայես»,- ցավով վերհիշում է հերոսի մայրը:
Ինչպես մնացած հերոսները, Գևորգը ևս ուներ մեծ նպատակներ, որոնցից առաջնայինը ամուսնությունն էր սիրած էակի հետ: Նա Գերմանիայում էր թողել իր նշանածին, այն մտքով, որ վերադառնալուն պես ամսի 21.08.21-ին կպսակադրվեն: