Հայաստանի հավաքականը հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը (ֆոտո)
SPORTՖուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը: 24-րդ րոպեին Հայաստանին հաշվի մեջ առաջ մղելու հնարավորություն ունեցավ Ալեքսանդր Կարապետյանը, սակայն մրցակցի դարպասապահ Սիսկովսկուն հաջողվեց հետ մղել հարվածը:
55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:
Խմբի մյուս խաղում Վրաստանն ու Էստոնիան գոլազուրկ ոչ ոքի խաղացին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:
Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:
Ազգերի լիգա, 6-րդ տուր
C դիվիզիոն
Երկրորդ խումբ
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0
Հովհաննես Համբարձումյան, 55