«Տղաները պատմություն կերտեցին»․ Խոակին Կապառոս
SPORTԻնչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, նոյեմբերի 18-ին Նիկոսիայի GPS մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
-Պարոն Կապառոս, դուք կատարեցիք Ձեր առջև դրված խնդիրը և հաղթեցինք Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։
-Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբաներոն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է։
-Արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականը արդեն ձեռք է բերել ուրույն խաղաոճ, թե՞ այն փոխվում է՝ կախված մրցակցից։
-Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։
-Խաղից առաջ մեր ազգային թիմն ուներ բազում կորուստներ։ Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այս իրավիճակում տրամադրել թիմին և հասնել այսչափ կարևոր հաղթանակի։
-Երեկ, երբ մենք իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին։