Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք հյուր գնալ․ բժշկի խորհուրդ
LIFE
Վերջին շաբաթներին կորոնավիրուսային վարակի դեպքերը Հայաստանում զգալիորեն նվազել են, բայց լուրջ ռիսկ կա, որ ամանորյա տոներին այն կարող է նորից աճել, եթե մարդիկ մոռանան անվտանգության միջոցառումների մասին եւ սկսեն միմյանց հյուր գնալ:
Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի, այնուամենայնիվ, ցանկալի է հրաժարվել հյուր գնալուց կամ գոնե նվազեցնել նման հանդիպումները: Մի կողմից՝ արցախյան պատերազմից հետո քչերը խնջույքների տրամադրություն ունեն, մյուս կողմից՝ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսի տարածման ռիսկը դեռ բավականին բարձր է:
Մասնագետի խոսքով՝ նույնիսկ եթե մարդն արդեն հիվանդ է եղել COVID-19-ով, դա բոլորովին էլ չի երաշխավորում նրա անվտանգությունը՝ Հայաստանում արդեն գրանցված են կորոնավիրուսով կրկին վարակման հարյուրավոր դեպքեր: Չնայած վարակվելու ռիսկը հիվանդացածների մոտ ավելի ցածր է, այն զրոյից հեռու է, եւ չպետք է մոռանալ դրա մասին:
Եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք այցելել հարազատներին ու ծանոթներին, մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել մի քանի պարզ կանոններ.
- Մի՛ գրկախառնվեք եւ մի՛ համբուրվեք այլ մարդկանց հանդիպելիս:
- Փորձեք հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, ներառյալ՝ ներսում:
- Աշխատեք մեծ թվով մարդկանցով չհավաքվել փակ տարածքում:
- Հաճախ օդափոխեք տարածքը:
- Եթե կարող եք ներսում դիմակով մնալ, դա զգալիորեն կնվազեցնի վարակի վտանգը:
- Եթե հնարավոր է, շնորհավորեք հարազատներին եւ ընկերներին հեռախոսով կամ ինտերնետով՝ բարեբախտաբար, նման հնարավորություններն այսօր շատ են: