Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ
LIFEՎարդուհի Վարդանյանի որդին՝ 23-ամյա Ռուբենը և սիրելին՝ Մերին, շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, ամուսնացել են: Զույգի կնքահայրն ու կնքամայրը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են եղել, ինչպես որոշվել էր ավելի վաղ։
Դեռևս 2019-ին՝ զույգի նշանդրեքի ժամանակ, Ռուբենը Tert.am Life-ին ասել էր, որ Սիրուշոն շատ էր ուզում դառնալ իր կնքամայրը:
«Իմ կնունքի կնքահայրն ու կնքամայրը Սյուզին ու Հրաչն են (երգչուհի Սյուզան Մարգարյանն ու դերասան Հրաչյա Հարությունյանը, հեղ․): Որոշել էինք, որ հարսանիքի քավորն էլ իրենք պետք է լինեն, սակայն Սյուզին ասաց, որ Սիրուշոն էլ է շատ ուզում լինել մեր կնքամայրը և առաջարկեց, որ Սիրուշոն և Լևոնը դառնան մեր քավորը: Այդպես էլ արեցինք»,- ասել էր նա ու հավելել, որ Սիրուշոյի հետ փոքր տարիքից մտերիմ են եղել, այս տարիների ընթացքում միշտ շատ ջերմ հարաբերություններ են պահպանել:
Չնայած Վարդուհին կյանքից հեռացել է 14 տարի առաջ, նրա ընկերները միշտ փորձում են վառ պահել նրա հիշատակն ու կապ պահել իր ընտանիքի հետ: Երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Արա Մարտիրոսյանը։ Մերին տեսանյութ է հրապարակել և մակագրել․ «Ամենահուզիչ պահը»։