Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի մասին
LIFESARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պլիտիդեպսին (ապլիդին) դեղամիջոցը գրեթե 30 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսիվիրը: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science ամսագրում:
Պլիտիդեպսինը eEF1A մոլեկուլի ինհիբիտորն է՝ 1-ալֆա էլոնգացիայի գործոնը, որն առանցքային դերակատարում ունի սպիտակուցների սինթեզում: Այս դեղամիջոցը կիրառվում է բազմակի միելոմայի դեմ պայքարում, այն նաեւ թեստավորել են կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում որպես COVID-19-ի բուժման միջոց:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են աֆրիկական կանաչ կապիկի երիկամներից վերցված Vero E6 բջիջների գծում կորոնավիրուսի ռեպլիկացիան ճնշելու դեղամիջոցի ունակությունը: Պլիտիդեպսինը 9 անգամ ավելի արդյունավետ է եղել տերնատին-4-ից եւ 87,5 անգամ ավելի արդյունավետ է եղել, քան զոտատիֆինը: Ե՛վ տերնատին-4-ը, ե՛ւ զոտատիֆինը նույնպես սպիտակուցների սինթեզի ինհիբիտորներ են եւ օժտված են կորոնավիրուսի դեմ ազդեցությամբ: Մարդու բջիջներում պլիտիդեպսինը 27,5 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսիվիրը:
Հետազոտողների ենթադրությամբ՝ պլիտիդեպսինը մյուս դեղամիջոցների համեմատությամբ օժտված է մարդու թոքերի բջիջներում ամենաուժեղ հակավիրուսային ակտիվությամբ: Դրանից բացի, այն, ամենայն հավանականությամբ, տոքսիկ չէ, չնայած բացասաբար է ազդում բջիջների աճի եւ կիսվելու վրա՝ ապահովելով ցիտոստատիկ էֆեկտ: