«Ինքնավստահ եմ, բայց չեմ մեծամտացել». «Սարի աղջիկ» սերիալից 18-ամյա Աիդա Կարապետյանը՝ առաջին աշխատավարձի և ծախսերն ինքնուրույն հոգալու մասին
LIFEՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Աիդա Կարապետյանը, առաջին անգամ սեփական գումարը վաստակել է այս նախագծում:
Tert.am Life-ի հետ զրույցում Աիդան պատմել է 18 տարեկանում աշխատելու, առաջին աշխատավարձի և ներքին ինքնավստահություն ձեռք բերելու մասին:
Աիդայի խոսքով՝ միշտ ցանկացել է աշխատել, բայց մտածել է, որ աշխատել կսկսի 22 տարեկանում. «Ծնողներիս ևս ասում էի այդ մասին, բայց ասում էին՝ դեռ սովորեմ, հետո կաշխատեմ: Հետո մայրիկիս հետ սկսեցի պար դասավանդել 4 տարեկան երեխաներին, քանի որ հմտություններս թույլ էին տալիս: Դա այնքան էլ աշխատանք չէր, որովհետև զբաղվում էի ազատ ժամանակ, բացի այդ, ցանկանում էի դերասանուհի դառնալ»:
Երիտասարդ աղջկա համար ոգևորիչ է այս տարիքում իր գումարն աշխատելու փաստը: «Աշխատելը հաճելի է, առավել հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի գործով ու կարողանում ս քո քրտինքով գումար վաստակել: Իմ առաջին աշխատանքը կարելի է համարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալը: Առաջին աշխատավարձովս հարազատներիս համար համեղ ուտեստներ էի գնել։ Հիմա չեմ ծրագրում՝ ինչպես ծախսել գումարս։ Երբ ինչ-որ բան ծրագրում եմ, հակառակն է լինում»,- ասաց նա:
Ըստ երիտասարդ դերասանուհու՝ հաճելի է տեսնել արած աշխատանքի արդյունքը: «Երբ ինքդ ես աշխատում, հասկանում ես աշխատանքի արժեքը: Իհարկե, ծնողներիդ աշխատանքի դեպքում էլ ես հասկանում, բայց քո աշխատանքը լրիվ այլ է: Ծնողներդ ամբողջ կյանքում քեզ համար են աշխատում, լավ զգացում է, երբ թեկուզ փոքրիկ հարցում կարողանում ես նրանց օգնել: Ինձ շատ են հարցնում՝ հոգնո՞ւմ եմ, պատասխանում եմ՝ այո, բայց հաճելի հոգնածություն է: Հիմա կարողանում եմ ինքնուրույն հոգալ ծախսերս, նույնիսկ ուսմանս վարձն եմ մասամբ վճարել: Շատ թանկարժեք գնումներ չեմ անում, ամեն ինչ չափի մեջ եմ անում, պարտադիր չէ, որ միայն թանկարժեք իրն ինձ դուրս գա»,- նշեց նա:
Աիդան նկատեց, որ հիմա կայացման փուլում է: «Կարելի է ասել, ինչ-որ չափով ինձ կայացած եմ զգում, բայց հիմա կարծես կայացման մրցուղու սկզբում լինեմ: Բարդ է համատեղել դասերն աշխատանքի հետ, բայց փորձում եմ հասցնել, ուզում եմ շտկել թերություններս, աշխատանքս լավ կատարել, կատարելագործվել, ինչի համար պետք է շատ աշխատել: Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ հասցնի այս ամենը, փաստորեն, հասցնում եմ: Նաև վախ ունեի կապված դերասանական անձնակազմի հետ, քանի որ գրեթե բոլորը պրոֆեսիոնալներ են: Ես նոր էի այս ասպարեզում ու շատ էի բարդութավորվում, բայց անձնակազմն այնքան ջերմ ընդունեց ինձ, որ ամեն բան հեշտ անցավ,- ասաց նա և հավելեց, որ նաև ներքին ինքնավստահություն է ձեռք բերել,- Ներքին ինքնավստահություն ունեմ, բայց չեմ մեծամտացել, տեսակով նույնն եմ, մտերիմներս կփաստեն: Այնպես չէ, որ շատ հայտնի եմ, բայց հաճելի է, երբ գնահատված ես»:
Անդրադառնալով նկարահանվելուց հետո անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին՝ Աիդան ասաց. «Անձնական կյանքումս փոփոխություններ չկան։ Երկրպագուներս մի փոքր ավելացել են, բայց չեմ կարծում՝ դա մեծամտանալու առիթ է: Դեռ չեմ մտածում անձնական կյանքիս մասին, երբ ժամանակը գա, երբ սիրեմ ու սիրվեմ, փոփոխություններ կլինեն»: