«Աշխարհի ամենաերջանիկն էինք, եւ մի վայրկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ». Անի Քոչարը հարսանիքի, ամուսնու՝ առաջնագիծ մեկնելու մասին
LIFEԼրագրող Անի Քոչարը սեպտեմբերին ամուսնացել է։ Նա հարսանեկան արարողություն կադրեր է հրապարակել ու գրառում կատարել ապրումների մասին։
«2020-ի սեպտեմբերի 25-ին (շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել:
Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց եւ չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր:
Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս եւ հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է...
Աշխարհի ամենաերջանիկն էինք, եւ մի վայրկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ... վերադառնալ էր պետք:
Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ եւ բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում եւ կրկին ինչ ապրումներ ունեցա:
Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլեւս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն հնարավոր էր...
Աստծո գործերն անքննելի են...
Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ օրս էլ չէր լուսաբանվի եւ հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու:
Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ եւ խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,- գրել է Անին: