«Կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց դրականը գերակշռում է». Սարգիս Եղիազարյանը՝ նոր տեսահոլովակի և «Ախթամար» սերիալի մասին
LIFEԵրգիչ Սարգիս Եղիազարյանը նոր տեսահոլովակի տեսքով անակնկալ ունի իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ «Իմ քույրիկ» կոչվող երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը:
«Վաղուց էի ցանկանում քույրիկի մասին երգ ու տեսահոլովակ ունենալ: Ցանկության իրագործման առիթը դարձավ ինձ հարազատ ընտանիքը: Երկու եղբայր երգը նվիրում են իրենց քրոջը, տեսահոլովակում իրական պատմություն է: Այլ նոր երգեր ևս ունեմ, փակագծեր բացել չեմ ուզում, բայց ամբողջ օրը ստուդիայում քրտնաջան աշխատում ենք»,- ասաց նա:
Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, պրեմիերան նախատեսում են մարտի 8-10-ըն ընկած ժամանակահատվածում: «Նկարահանումները տեղի են ունեցել մոտ 20 օր առաջ, տեսահոլովակը սյուժետային գիծ ունի: Ցույց ենք տվել, թե հայ եղբայրներն ինչպես են սիրում իրենց քույրիկին, բերում մի տեղ, որտեղ երգիչը երգում է նրա համար: Դերասանների ընտրությունն իմն է եղել, ընկերներս են: Եղբայրներին մարմնավորում են դերասաններ Կարո Հովհաննիսյանն ու Արման Խաչատրյանը, քույրիկը սկսնակ դերասանուհի Մարին է, ով շատ տաղանդավոր աղջիկ է: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Գերմանիայի օպերայի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տաղանդավոր թավջութակահար Նարեկ Գասպարյանը: Ամեն ինչ իմ պատկերացրածից էլ ավելի լավ ստացվեց»,- պատմեց նա:
Երգչի խոսքով՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. բացի իր հիմնական մասնագիտությունը, նկարահանվում է նաև «Ախթամար» հեռուստասերիալում: «Ուրախ եմ, որ նկարահանվում եմ տաղանդավոր թիմի ու դերասանների հետ, բայց երբ հեռուստասերիալն ավարտվի, որոշ ժամանակ չեմ նկարահանվի, որովհետև չեմ հասցնում բավականաչափ ժամանակ տրամադրել երգերիս ձայնագրության և տեսահոլովակներիս նկարահանումների համար: Ապագայում կրկին կնկարահանվեմ,– ասաց նա ու շեշտեց, որ ինքը դերասան չէ, երգիչ է։ –Չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ, բայց արձագանքները դրական են, համենայն դեպս, ինձ դրական կարծիքներ են հասել: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց լավ կարծիքները գերակշռում են»:
«Ախթամար» հեռուստասերիալում Սարգիսը երկրորդ փորձն է անում որպես դերասան, նա նկարահանվել է նաև «Պատվից առավել» հեռուստասերիալում: Երգիչը շեշտեց՝ առաջին նախագծի համեմատությամբ հիմա նկարահանման գործընթացն ավելի հեշտ է տրվում:
«Նկարահանումների ընթացքում բարդություններ լինում են, բայց նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ դերասաններ են, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ հարցնում և ընդունում: Ես դերասան չեմ, պատրաստ եմ խորհուրդներ լսել ու սովորել: Եթե հասցնում եմ, դիտում եմ սերիաները, փորձում շտկել թերություններս: Շատ հետաքրքիր կլիներ, եթե դերասանի պրոֆեսիոնալ կրթություն ձեռք բերեի, բայց չեմ անի, որովհետև երգիչ եմ, մասնագիտությանս հետ ժամանակս չի ներում»,- եզրափակեց նա: