Ռուսաստանում հայտնաբերված նկարը կարող է լինել «Մոնա Լիզայի» երկրորդ տարբերակը
INTERNATIONAL NEWSԻտալացի փորձագետներն ուսումնասիրում են մի կտավ, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի մասնավոր հավաքածուում: Այն կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» երկրորդ տարբերակը, հայտնում է Daily Mail-ը: Կտավի իսկությունը հաստատելու կամ ժխտելու համար երկու նկարների ներկերը հետազոտելու են ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնությամբ, իսկ հետո համեմատելու են:
«Բազմաթիվ ապացույցներ կան, որ տվյալ աշխատանքը կարող է իրոք գեղանկարի տոսկանյան հանճարի վրձնին պատկանալ,- պատմել է հետազոտության համակարգող Սիլվանո Վինչետին,- Սակայն դա առայժմ ընդամենը ենթադրություն է»:
Կան բազմաթիվ տեսություններ, որոնց համաձայն դա Վինչին նկարել է «Մոնա Լիզայի» ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակներ: Իտալացի գիտնականների հետազոտության արդյունքները կարող են հաստատել այս ենթադրությունները:
Արվեստագիտական վերլուծության նոր ծրագրերը, որոնց հեղինակը Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների առաջատար հետազոտող Կառլո Պեդրեթին է, ցույց են տվել, որ երկու կտավների հեղինակը կարող է իրոք նույն մարդը լինել:
Արվեստագետ Պաուլո դե Սերայի խոսքով, Ռուսաստանում պահվող նկարը իրոք կարող է պատկանալ հենց դա Վինչիի կամ էլ նրա սաներից որեւէ մեկի վրձնին, հայտնում է LifeNews-ը:



