«Կնոջս կողմից խանդի տեսարան մի քիչ եղել է». Աղաս Մանուկյանի «Աղասի 10 կանայք» մոնոներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը
LIFEՄեկ տարվա սպասումից հետո երեկ՝ մարտի 9-ին, «Բոհեմ» թատրոմում կայացավ հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանի՝ «Աղասի 10 կանայք» մոնոներկայացման պրեմիերան: Նախքան բեմ բարձրանալը հումորիստը խոստովանեց՝ հուզմունքով է սպասել հանդիսատեսի հետ հանդիպմանը.
«Իրականում երկար էի սպասել այս ներկայացմանը. անցած տարի հենց այս ժամանակաշրջանում էր նախատեսված stand up-ի պրեմիերան: Այս ընթացքում սցենարային փոփոխություններ չեն եղել, որովհետեւ այն չունի ժամանակային գծեր, ուղղակի վերանայել ենք որոշ բաներ: Մենք բոլորս՝ թե´ ես, թե´ սցենարիստները, սպասել ենք այս պրեմիերային, կարծում եմ՝ հանդիսատեսը՝ եւս, որովհետեւ ինձ տեսնելիս հաճախ էին հարցնում, թե երբ է այն, վերջապես, տեղի ունենալու: Ներկայացումը դրեցինք մարտի 9-ին՝ կանանց մեկամսյակի առթիվ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:
Չբացահայտելով, թե քվքեր են այն տասը կանայք, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Աղասի մոնոներկայացման մեջ, նշենք, որ հումորիստի խոսքով՝ նրանք բոլորն էլ հատուկ դեր են խաղացել իր կյանքում:
«Այստեղ խոսում եմ այն տասը կանանց մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել իմ կյանքի վրա՝ թե´ լավ, թե´ վատ առումներով, շատ փակագծեր չեմ ուզում բացել, որովհետեւ ներկայացումը շարունակական բնույթ է կրելու, բայց նշեմ, որ այդ բոլոր կանայք ունեն իրենց ուրույն տեղը. այնպես չէ, որ մեկը հետաքրքիր է, մյուսը՝ ոչ: Իհարկե, նրանց մեջ կա նաեւ կինս (ծիծաղում է)»:
Ի դեպ, մոնոներկայացման վերնագիրն ինտրիգային էր ոչ միայն հանդիսատեսի, այլեւ Աղասի կնոջ համար, որն առաջին անգամ հենց պրեմիերային բացահայտեց, թե բացի իրենից՝ էլ որ կանայք են լինելու ամուսնու ներկայացման մեջ.
«Երբ առաջին անգամ հրապարակվեց ներկայացման անվանումը, առաջինը կինս ինձ զանգահարեց, հարցերեց՝ ում մասին է խոսքը, ասացի՝ կներես, չեմ կարող ասել: Արդեն մեկ տարի է անցել այդ օրվանից, բայց նա մինչ օրս չգիտեր, թե ում մասին էր խոսքը, որովհետեւ դա սցենարիստների որոշումն էր»,-նշեց Աղասն ու խոստովանեց,- «Սկզբնական շրջանում նրա կողմից խանդի տեսարան մի քիչ եղել է, բայց ասել եմ՝ կգաս, կնայես, եթե խանդես ու կուզես բաժանվել, քո գործն է (ծիծաղում է)»:
Ինչ վերաբերում է stand up-ի հետագա ճակատագրին՝ մարտի 20-ին նախատեսվում է եւս մեկ ներկայացում, իսկ մարտի 28-ին այն կներկայացվի նաեւ Մոսկվայում:
«Աղասի 10 կանայք» ներկայացման մյուս մանրամասներն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում: