Կորոնավիրուսի բրիտանական շտամը մեկ շաբաթում հայտնաբերվել է եւս հինգ երկրում
INTERNATIONAL NEWSԻր ավելի մեծ վարակելիությամբ հայտնի կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը նախ հայտնվել է Մեծ Բրիտանիայում, մեկ շաբաթում հայտնաբերվել է եւս հինգ երկրում, եւ այդ երկրների ընդհանուր թիվը հասել է 111-ի: Մինչեւ 58 պետություն ընդարձակվել է 501Y.V2 շտամի տարածման աշխարհագրությունը, որը հայտնաբերվել էր ՀԱՀ-ում, իսկ P.1 շտամը, որի առկայությունը նախապես հայտնաբերվել էր Բրազիլիայում եւ Ճապոնիայում, հիմա շրջանառվում է 32 երկրներում, լույս չորեքշաբթի գիշերը Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՀԿ ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում նշվում է, որ VOC 202012/01 շտամը «մարտի 9-ի դրությամբ հայտնաբերվել է եւս 5 երկրում, եւ ԱՀԿ բոլոր 6 տարածաշրջաններում ընդհանուր 111 պետություններ տեղեկացրել են [կորոնավիրուսի] այս տարատեսակի առաջացրած [հիվանդության] դեպքերի մասին»: Ըստ հետազոտությունների տվյալների՝ այն կարող է մարդկանց վարակել 36-75 տոկոսով ավելի շատ, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի ի սկզբանե հայտնի շտամը: Մասնագետները նշում են «հոսպիտալացման հնարավոր մեծ հավանականության», ինչպես նաեւ հիվանդության ավելի ծանր ընթացքի եւ մահվան ելքի մասին:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի 501Y.V2 տարատեսակին, ապա մարտի 2-ից այն հայտնաբերվել է եւս երեք երկրներում, եւ դրանց ընդհանուր թիվը հիմա հասել է 58-ի: ԱՀԿ տեղեկություններով՝ այս շտամը 1,5 անգամ ավելի վարակիչ է, քան սկզբնական SARS-CoV-2-ը: P.1 շտամն իր հերթին շրջանառվում է 32 երկրներում, եւ մեկ շաբաթում դրանց թիվն աճել է երեքով: Մարդկանց վարակելու նրա ունակությունը նույնպես ավելի բարձր է գնահատվում:
ԱՀԿ-ն հունվարին հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր տարբերակների առաջացումը սպասելի էր, քանի որ վիրուսներին հատուկ է շարունակաբար փոփոխվելը:
ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսի VOC-202012/01 տարատեսակը Մեծ Բրիտանիայում է հայտնվել անցյալ տարվա սեպտեմբերին: ՀԱՀ-ում 501Y.V2 շտամն առկա է օգոստոսի սկզբից, իսկ Բրազիլիայում եւ Ճապոնիայում P.1 շտամը շրջանառվում է դեկտեմբերից:



