«Ամբողջ գիշեր չկարողացա քնել»․ Արամեի երևանյան մենահամերգը երկար դադարից հետո, կնոջը նվիրված երգն ու երեկոյի հետաքրքիր դրվագները
LIFE«Ո՞ւր ես ջանս»-ից մինչև «Ты лучшая». երգիչ Արամեն իր հին ու նոր երգերով ավելի տոնական դարձրեց մարտի 8-յան երեկոն: Երկար դադարից հետո երգիչը երևանյան երաժշտական ակումբներից մեկում հանդիպեց իր հայաստանյան լսարանին:
Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել Արամեի հետ:
Երգչի խոսքով՝ երկար դադարից հետո հանդիսատեսի հետ հանդիպումը շատ էր կարոտել: «Համերգը բոլորիս հայտնի պատճառներով հետաձգվել էր նախորդ տարվանից: Բնականաբար, ունեցա նոր զգացումներ, հետաքրքիր պահեր: Երևի, նման ձևաչափով մենահամերգին համաձայնեցի ավելի շատ այն պատճառով, որպեսզի բաց չթողնեմ հայաստանյան հանդիսատեսի հետ հանդիպելու առիթը»,- պատմեց երգիչը:
«Ты лучшая» երգը սկսելուց առաջ Արամեն բեմ հրավիրեց կնոջը՝ Աննային: «Քանի որ այսօր շատ երգեր նվիրեցի սիրահարներին, թույլ տվեք այս երգը նվիրել Աննային: Որպեսզի ինձ ավելի վստահ զգամ, Աննային բեմ եմ հրավիրում»,- ասաց Արամեն և կատակեց, եթե իրենց փոքրիկը Աննայի գրկում քնած է կամ լացում է, կարող է չգալ: Աննան, ամեն դեպքում, բեմ բարձրացավ, երգիչն էլ ընդգծեց՝ «Ты лучшая»-ն իրենց սիրելի երգերից է:
Երեկոյի համար Արամեն, հիմնականում, ընտրել էր սիրային թեմայով երգեր, թեև երգացանկում կային նաև ուրախ, պարային երգեր, որպեսզի 2 ժամանոց ծրագիրը երկար չթվար:
«Երգեցի թե՛ հին, թե՛ վերջերս թողարկած երգեր: Կարծում եմ՝ գեղեցիկ երեկո ստացվեց և համերգին ներկա մեր մայրերն ու քույրերը շատ մեծ բավականություն ստացան: Ինքս էլ այնքան ոգևորված էի և այնքան էներգիա էի ստացել, որ ամբողջ գիշեր չկարողացա քնել, ինչի համար ուրախ ու երջանիկ եմ: Երևանում նոր մենահամերգ դեռ չենք նախատեսում, բայց արտերկրում շուտով նոր մենահամերգներ կունենամ, որոնց մասին քիչ-քիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: