«Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու». մոդել Անուշիկ Մանուկյանը՝ երկրորդ հղիության մասին
LIFEՓարիզաբնակ մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանն ու ամուսինը՝ Ռոբերտ Ներկարարյանը (Ararat94), երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Մոդելն արդեն հղիության հինգերորդ ամսում է, իսկ օրերս ամուսինները պարզել են, որ դուստր են ունենալու: Երեխայի սեռի բացահայտումն արվել է հատուկ արարողությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ նախքան այդ միջոցառումը ինքն ու ամուսինն, իսկապես, չէին իմանում ապագա փոքրիկի սեռը.
«Շատ երկար եմ սպասել երեխայիս սեռն իմանալու համար: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու: Անկեղծ՝ չէի սպասում, ինձ թվում էր, թե երկրորդ բալիկս էլ է տղա լինելու: Իհարկե, երբ առաջնեկդ տղա է լինում, ցանկությունդ մեծ է, որ երկրորդ զավակդ աղջիկ լինի, եւ հակառակը, բայց անգամ, եթե նորից որդի ունենայինք, դա էլ ուրիշ զգացողություն կլիներ»:
Մոդելի խոսքով՝ 3-ամյա որդին՝ Էվանը, եւս անհամբերությամբ է սպասում քույրիկի հետ հանդիպմանը.
«Ոչ մի խանդ չի զգում, հակառակը՝ սիրում է խոսել փորիկիս հետ (ժպտում է): Այս պահին հատուկ քայլեր չեմ անում, բայց երեխայի ծնվելուց հետո պետք է շատ զգույշ լինել, որպեսզի խանդի առիթ չտեղծվի, նույն սերն ու ուշադրությունը նա կզգա»:
Ինչ վերաբերում է դստեր անվան ընտրությանը՝ Անուշիկը նշեց.
«Դեռ չենք որոշել մեր դստեր անունը, նույնիսկ, տարբերակներ չունենք, բայց ժամանակ ունենք, կհասկանանք եւ կորոշենք՝ ինչ անուն դնել»:
Շատ մոդելներ խուսափում են մայրանալուց՝ փորձելով պահպանել կառուցվածքը: Անուշիկը որդու ծնունդից հետո էլ շարունակել է զբաղվել մոդելային գործունեությամբ ու կարծում է՝ պետք չէ վախենալ՝ կառուցվածքը վերականգնել հնարավոր է.
«Եթե անկեղծ՝ երբեւէ նման վախեր չեմ ունեցել՝ ոչ սնվելուց, ոչ մայրանալուց: Եթե անգամ կառուցվածքս փոխվի, դա խնդիր չէ՝ մի քիչ աշխատել է պետք նախկին տեսքն ունենալու համար: Անհնարին ոչինչ չկա»: