«Լոռին» դադարեցնում է իր մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
SPORT«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ թիմը դադարեցնում է իր մասնակցությունը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում.
«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.
Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց՝ չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։
Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։
Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի «Արարատ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայացել, քանի որ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:
Այդ կապակցությամբ քիչ անց հայտարարություն էր տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան. «Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:
Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը»: