«Որդիս ասաց՝ մամ, թող մի քիչ էլ իմ ծնունդը լինի». Ագնեսա Շահնազարյանը՝ 41-ամյակի անակնկալների, իրեն 25 տարեկան զգալու և կյանքին թեթև նայելու մասին
LIFEԴերասանուհի Ագնեսա Շահնազարյանը երեկ նշել է 41-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ագնեսան պատմել է, թե ինչպե՞ս է նշել օրը, ի՞նչ անակնկալներ է ունեցել: Նա նաև խոսել է իրեն երիտասարդ զգալու և նպատակների մասին:
Դերասանուհու խոսքով՝ այս տարի կեսգիշերին անակնկալներ չի ունեցել, ինչը կապում է երկրում ստեղծված իրավիճակի հետ:
«Անկեղծ ասած, ինքս էլ տրամադրություն չունեի, եթե ընկերներս որևէ բան չկազմակերպեին, օրս սովորական էր անցնելու: Շատ խելագար օր էր, առավոտից սկսած գործնական վազքերի մեջ էի, հետո տեսահոլովակի նկարահանման էի, բայց երեկոյան ընկերներս ինձ անակնկալ էին պատրաստել սրճարաններից մեկում, ջերմ ու լավ միջավայրում նշեցի օրս: Ծննդյան օրերս ոչ միշտ եմ նշում, մեծ խնջույքներ չեմ կազմակերպում: Ոչ թե չեմ սիրում այդ օրը, ուղղակի, բախտի բերմամբ, թե պատահմամբ, միշտ աշխատանքի եմ լինում: Այս տարին էլ բացառություն չէր, օրս աշխատանքային էր, մտա նկարահանման տաղավար, որտեղ ևս անակնկալ էին պատրաստել, տորթ և մոմեր կային, բայց երազանք չմտապահեցի»,- պատմեց նա:
Բացի դա, երեկոյան Ագնեսան ևս մեկ տոնական տորթ է ունեցել: «Այդ տորթի մոմերն ընտրել էր որդիս, ինքն էլ ինձ հետ փչեց, դա իր համար մեծ արարողակարգ է: Որդիս դեռ 3 տարեկան է, փոքր է, ասաց՝ մամ, թող մի քիչ էլ իմ ծնունդը լինի: Դեռ չի հասկանում, որ իմ ծննդյան օրն է, մի փոքր այլ կերպ շնորհավորեց»,- ասաց նա:
Դերասանուհին ընդգծեց, որ նպատակասլաց մարդ է: «Եթե ուզում եմ հասնել ինչ-որ բանի, հասնում եմ: Ամեն ինչ նպատակի չափից է կախված, ըստ այդմ նաև դրան հասնելու ժամանակն է պարզ դառնում: Յուրաքանչյուր նպատակի հասնելուց հետո, ունենում ես հաջորդ նպատակը, բայց չեմ կարող ասել՝ նպատակին հասնելու ճանապա՞րհն է հետաքրքիր, թե՞ բուն նպատակը: Այս տարի միակ երազանք-նպատակս խաղաղությունն է»,- նշեց նա:
Դերասանուհին նկատեց, որ մեծացող թվերն իրեն չեն վախեցնում:
«Ինձ 25 տարեկան եմ զգում: Այն տեսակն եմ, որ դրանք ինձ համար ուղղակի թվեր են, ես միշտ երիտասարդ եմ լինելու: Կենսուրախ մարդ եմ, սիրում եմ կյանքից հաճույք ստանալ: Լավատես եմ ՝ չնայած շատ դժվարությունների միջով եմ անցել, դրանք ինձ չեն կոտրել, հասկացել եմ, որ ուղղակի ժամանակաշրջաններ են: Երբ բարդությունները ժպիտով և կյանքին թեթև նայելով ես հաղթահարում, կյանքն այդպիսին էլ դառնում է: Իհարկե, դժվար է լավատեսությունը միշտ պահել, պահեր են լինում, երբ ներսդ ճչում է, չես կարող այնքան ուժեղ լինել, որ այդ ամենն անընդհատ հաղթահարես: Փոքրիկ հուսահատություններ լինում են, բայց մարդ ենք չէ՞՝ մարդկային զգացումներով, առանց դրանց չի կարող լինել, այլապես ռոբոտներ կլինեինք: Երևի, բնատուր Աստվածային շնորհ է, որ, ի վերջո, կարողանում եմ հաղթահարել յուրաքանչյուր դժվար, ծանր իրավիճակ»,- եզրափակեց Ագնեսան: