«Բաց տեսարաններում նկարահանվել չեմ համաձայնի». «Սարի աղջիկ» սերիալից Աիդա Կարապետյանը՝ մասնագիտական աճի և խոչընդոտները հաղթահարելու մասին
LIFEՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին՝ Աիդա Կարապետյանը, լսարանին հայտնի է դարձել «Սարի աղջիկ» հեռուստասերիալից: Tert.am Life-ի հետ զրույցում Աիդան խոսել է մասնագիտական աճի, բարդությունների և չկոտրվելու մասին:
Ըստ Աիդայի՝ նկարահանումների սկզբնական շրջանի համեմատությամբ փոփոխություն է նկատում: «Չնայած դրան՝ միշտ աշխատում եմ, չեմ սիրում տեղում դոփել: Ինձ շատ հարցերում օգնում են նաև ավագ գործընկերներս: Սկզբնական շրջանում դժվարությունները շատ-շատ էին, կար լարվածություն, բայց, կարծում եմ, եթե մարդը սիրում է իր աշխատանքը, լուրջ է վերաբերում իր կատարած աշխատանքին, աստիճանաբար փոփոխություններ են նկատվում և տվյալ մարդը աշխատանքում կատարելագործվում է: Սիրում եմ իմ աշխատանքը և ինձ դուր է գալիս, այն, ինչ հիմա կատարվում է ինձ հետ: Հանրային մարդ լինելը շատ հեշտ է, անծանոթ մարդկանց սերն ու դրական էներգիան ստանալը հաճելի է»,- ասաց նա:
Երիտասարդ դերասանուհու խոսքով՝ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: «Յուրաքանչյուր ոլորտում էլ բարդություններ են լինում, բայց պետք է շատ աշխատասեր լինել, լսել, ընդունել խորհուրդներ: Աշխատասիրության շնորհիվ է, որ մարդիկ կարողանում են հասնել իրենց նպատակներին: Խոչընդոտներ իմ դեպքում էլ եղել են, բայց հաղթահարել եմ դրանք, հիասթափություններ չեն եղել, որովհետև դրանք լինում են, երբ մարդու սպասելիքները չեն արդարանում, իսկ իմ սպասելիքներն արդարացել են: Այնպես չէ, որ չեմ կոտրվում, պարզապես կարողանում եմ ոտքի կանգնել, շարժվել առաջ: Յուրաքանչյուր մարդ էլ կոտրվում է, բայց ուժ է գտնում իր մեջ առաջ շարժվելու համար»,- նշեց նա:
Աիդան նկատեց, որ դժվարությունները հաղթահարելու հարցում իրեն օգնում է նպատակը: «Դժվարությամբ ձեռք բերածը չպետք է հեշտ կորցնես: Ես ունեմ իմ նպատակներն ու երազանքները ու քայլում եմ դեպի դրանք: Այդ ընթացքում լինում են խոչընդոտներ, խնդիրներ, բայց փորձում եմ հաղթահարել ու լուծում տալ դրանց»,- ասաց նա:
Երիտասարդ դերասանուհին նաև նշեց, որ քննադատություններից խուսափել չի հաջողվում: «Առողջ քննադատություններին նորմալ եմ վերաբերում, եթե, իհարկե, դրանք չեն դառնում վիրավորանք, քանի որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ուղղակի ինքնահաստատվել»,- ընդգծեց նա:
Խոսելով զգացմունքային տեսարաններում խաղալու բարդություններից՝ Աիդան ասաց. «Դերասանի մասնագիտությունն ինքնին դժվար է, կայանում է նրանում, որ պետք է կերտես կերպարներ, որոնք քո տեսակին այնքան էլ համապատասխան չեն: Սիրային տեսարաններ եմ խաղում, բայց դրանք բաց տեսարաններ չեն, որ շատ բարդություններ առաջացնեն: Գեղեցիկ էմոցիաներ ենք փորձում փոխանցել, թե որքանո՞վ է ստացվում, հեռուստադիտողը կասի»,- նշեց Աիդան:
Հարցին, թե՞ պատրաստ է բաց տեսարաններում նկարահանվել, Աիդան պատասխանեց. «Ոչ, բաց տեսարաններում նկարահանվել չեմ համաձայնի»: