Հայաստանում տնտեսությունը փետրվարին աշխուժություն է դրսևորել. նախորդ տարվա համեմատ անկումը 6.7 տոկոս է
ECONOMICSՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-փետրվարին 6.7 տոկոսով նվազել է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն տարվա երկրորդ ամսին հունվարի նկատմամբ տնտեսությունն ակտիվացման միտումներ է ցուցաբերել՝ գրանցելով աճի երկնիշ ցուցանիշ՝ 12.4 տոկոս:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին նվազել է 7.9 տոկոսով, սակայն 2021-ին փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 15.3 տոկոս աճ:
Շինարարության ծավալը փետրվարին հունվարի նկատմամբ աճել է 28.4 տոկոսով, իսկ հունվար-փետրվարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի համեստ է՝ 1 տոկոս: Առևտրի շրջանառությունում հունվար-փետրվարին նկատվել է նվազում՝ 11.3 տոկոսով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 12.5 տոկոսով: Այնինչ՝ փետրվարի ցուցանիշները նախորդ ամսվա նկատմամբ աճել են համապատասխանաբար 19.7 տոկոսով և 4.3 տոկոսով:
2021 թվականի հունվար-փետրվարին սպառողական գների ինդեքսն աճել է 4.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 6.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 5.8 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2021-ի հունվար-փետրվարին 2020-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 0.8 տոկոսով՝ կազմելով 190 հազար 493 դրամ, այնինչ՝ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը 2 տոկոսով պակաս է եղել հունվարի ցուցանիշից: Հունվար-փետրվարին պետական օղակում միջին ամսական աշխատավարձը աճել է 2.2 տոկոսով, փետրվարին՝ հունվարի նկատմամբ 1.2 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 0.4 տոկոսով: Սակայն փետրվարին ոչ պետական օղակում միջին ամսական աշխատավարձը հունվարի նկատմամբ նվազել է 3.3 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 12.2 տոկոսով, այնինչ ամսական կտրվածքով՝ փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է երկնիշ՝ 24.9 տոկոս աճ: Փետրվարին հունվարի նկատմամբ Հայաստանից արտահանումը աճել է 21.8 տոկոսով, իսկ հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել 5.5 տոկոսով: 2021-ի փետրվարին հունվարի նկատմամբ Հայաստան ներմուծումն աճել է 26.9 տոկոսով, իսկ հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակի համեմատ՝ նվազել 15.8 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվարի-փետրվարին եղել է 522.37: