Թրամփը սեփական կայքն է գործարկել «աջակիցների հետ կապ պահպանելու համար»
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է իր սեփական կայքի ստեղծման մասին, որի նպատակն «իր աջակիցների հետ կապի պահպանումն» է, գրում է Axios-ը։
45office.com կայքի միջոցով Թրամփը, ինչպես գրում է աղբյուրը, փորձում է վերականգնել իր թվային ներկայությունը, որը սահմանափակվել էր հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո՝ վերջինիս Twitter-ի և Facebook-ի օգտահաշիվների սառեցմամբ։
Կայքի գլխավոր էջում ասվում է, որ նախկին նախագահի գրասենյակը հավատարիմ է «Նախևառաջ՝ Ամերիկան» կարգախոսին։
Կայքում զետեղված են Թրամփի ելույթները, որտեղ նա պնդում է, որ «իր նախագահության տարիներին սկսել է պատմության մեջ ամենաարտասովոր քաղաքական շարժումը, որը տապալել է քաղաքական տոհմերը»։ Խոսվում է նաև կորոնավիրուսի դեմ Թրամփի վարչակազմի «արդյունավետ պայքարի մասին»։



