«Այլևս երբեք չեմ ների դավաճանությունը»․ Լիլիթ Բասյանի անկեղծ խոստովանությունները դավաճանության, ընտանիք ունենալու երազանքի մասին ու նոր ֆոտոշարքը
LIFEՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր ֆոտոշարք ունի, որն Ինստագրամի իր էջում ներկայացնելուց հետո նաև անկեղծ հարցուպատասխան է կազմակերպել՝ անդրադառնալով նաև անձնական բնույթի հարցերին։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնալուծությունից մեկուկես տարի հետո Լիլիթին ամենահաճախ տրվող հարցերը անձնական կյանքի մասին են։
Tert.am Life–ն առանձնացրել է ամենահետաքրքիր հարցերն ու պատասխանները։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ տղամարդը կարող է անմնացորդ սիրել, Լիլիթը պատասխանել է․ «Այո։ Առհասարակ, ես վստահ եմ, որ ում կյանքում ես եղել, ինձ հաստատ չեն մոռանա»։
Լիլիթից նաև հետաքրքրվել են՝ իսկապե՞ս չի ների դավաճանությունը։ «Այլևս երբեք։ Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է դավաճանել հոգին։ Չէ՞ որ խնդիրը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր դավաճանության մասին է։ Ես գիտեմ, որ իմ մեջ կա ամեն ինչ, որպեսզի երջանկացնեմ տղամարդուն։ Եթե ես սիրում եմ, ապա իմ սերը ֆանատիկ է։ Ես ապրում և շնչում եմ այդ սիրով։ Մի՞թե արժե ինձ կորցնել»,– գրել է սննդաբանը։
Նա նաև նշել է, որ հավատում է, որ տղամարդը կարող է անկեղծ սիրով սիրել կնոջը և չդավաճանել․ «Երբ Աստված փակում է մի դուռը, բացում է մյուսը։ Ինչ–որ մեկի համար դու կարող ես դառնալ ամեն ինչ, և նա երբեք չի դավաճանի ու չի նեղացնի քեզ»։
Լիլիթն անկեղծացել է, որ հարաբերությունների մեջ շատ հնարավորություններ է տալիս դիմացինին․ «Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք շատ հնարավորություններ են տալիս։ Ուղղակի եթե ես պայթեմ, դա վերջն է»։
Մի քանի հարց է հնչել նաև նոր հարաբերություններ ունենալու մասին, արդյոք չի վախենա որևէ մեկին կրկին վստահել։ Լիլիթը նշել է, որ իր կյանքում փոփոխություններ կլինեն միայն ընտանիք կազմելու նպատակով։ Եթե ինչ–որ մեկը լինի, լսարանը կիմանա այդ մասին։
«Աստված լսում է իմ աղոթքները, և նա գիտի՝ որքան ուժեղ եմ ես երազում ընտանիքի մասին»,– գրել է նա, իսկ «կյանքի ընկեր ունի՞» հարցին ի պատասխան հրապարակել է որդու՝ 6-ամյա Ալեքսանդրի լուսանկարը և գրել․ «Ահա իմ ընկերը, իմ թիկունքը։ Նա փոքր տարիքից արդեն խորհուրդներ է տալիս ինձ, նրա կարծիքն ամենակարևորն է ինձ համար»։
Լիլիթին շատ են տվել նաև մասնագիտական հարցեր նիհարելու մասին և շնորհակալություն հայտնել իրենց ոգեշնչելու համար։ Սննդաբանը նշել է, որ իր համար էլ հետևորդների արդյունքներն են մոտիվացիա դառնում։ «Ես երախտապարտ եմ ձեզ, իմ նպատակն է մոտիվացիա և ինքնավստահություն տալ յուրաքանչյուրին»,– նշել է նա։