«Վճարեք ձեր արդար բաժինը». Բայդեն
ECONOMICSԱՄՆ վարչակազմը մտադիր է բարձրացնել ամենահարուստ ամերիկացիների հարկումը, որոնք տարեկան ավելի քան 400 000 դոլար են վաստակում և իրենց կարողությունն ավելացրել են կորոնավիրուսային համավարակի ֆոնին:
Այս մասին Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ես չեմ բարձրացնի հարկերը տարեկան 400 000 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ ստացող մարդկանց համար: Ժամանակն է, որ կորպորատիվ Ամերիկան և ամենահարուստ ամերիկացիների 1 տոկոսը վճարեն իրենց արդար չափաբաժինը: Պարզապես վճարեք ձեր արդար բաժինը: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի խոշորագույն կորպորացիաների 55 տոկոսն անցյալ տարի չի վճարել դաշնային եկամտահարկ»,- շեշտել է Բայդենը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարը մանրամասնել է՝ «պետբյուջեն ավելի քան 40 միլիարդ դոլարի եկամտային հարկի պակասուրդ ունի»:
«Շատ ընկերություններ հարկերից խուսափում են օգտվելով «հարկային դրախտներից»՝ Շվեյցարիայից մինչև Բերմուդա և Կայմանյան կղզիներ: Նրանք օգտագործում են հարկային բացեր և պահումներ, որոնք թույլ են տալիս տեղափոխել աշխատանքներն արտերկիր և այդպիսով շահույթ ստանալ: Դա սխալ է»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը: