Անի Խաչիկյանը, Ռոզի Ավետիսովան, Զառան, Ռիփփին և այլք՝ «Կին Կոդ» 16+ ներկայացման մեջ․ պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը
LIFEՎեց կին և մեկ տղամարդ. երեկ Բոհեմ թատրոնի բեմից Ռոզի Ավետիսովան, Սոնա Մաթևոսյանը, Զառա Սահակյանը, Ռիփփին, Քեթրին Մանասյանն ու Ստեփան Ղամբարյանը պատմեցին կանանց հոգեբանության, փոխհարաբերությունների և խնդիրների մասին:
Tert.am Life-ը ներկա է եղել «Կին Կոդ» 16+ ներկայացման պրեմիերային և ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:
Ներկայացումը 6 դասընկերուհու մասին է, որոնք հանդիպում են շոգեբաղնիքում, միմյանց հետ կիսվում ռոմանտիկ և ոչ ռոմանտիկ պատմություններով, որոնք վերջում հատվում են մի կետում:
Ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ սցենարի գաղափարն իրեն առաջարկել է սցենարիստ Արմեն Վարդանյանը:
«Ռուսական դրամատուրգիայից վերցված պատմություն է, բայց բեմադրվածը կապ չունի այն ամենի հետ, ինչ կարդացել ենք, պատմությունը հարմարեցրել ենք հայկական իրականությանն ու սկզբից գրել: Ես իրանահայ եմ, ռուսական փոխհարաբերություններին այնքան էլ ծանոթ չեմ, բայց ռուս և հայ կնոջ պատմությունները չեն կարող նույնը լինել: Ներկայացման մեջ արծարծվում են ընկերասիրության, կանանց իրավունքների հանդեպ հարգանքի թեմաները»,- ասաց նա:
Խոսելով դերասանական կազմի ընտրության մասին՝ Սեդրակն ընդգծեց, որ փորձել է իրարից տարբերվող դերասանուհիների ընտրել: «Տարբեր գույների դերասանուհիների եմ ընտրել ու այդ գույները մեկ կտավի վրա, մեկ կոմպոզիցիայի մեջ հավաքել: Ամեն ինչ սպասվածից ավելի լավ է ստացվել»,- նշեց նա:
Սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանն էլ նկատեց, որ Հայաստանում կանանց մասին ներկայացումները քիչ են: «Որոշեցի, որ պետք է ներկայացում անել կանանց փոխհարաբերությունների ու խնդիրների մասին։ Ըստ իս՝ պետք է հաջողված լինի: Հուսով եմ՝ կարողացել եմ անել մի բան, որը հանդիսատեսին կգրավի»,- ասաց նա: