«Սա անասելի ծանր է»․ Լուիզա Ղամբարյան
LIFEԼուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։
Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։
Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։
Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։
«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։ Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։ Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։
Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները 2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։
«2014 թվականից խաղում ենք այս ներկայացումը։ Ոչ թե տարեցտարի, այլ ներկայացում առ ներկայացում զգացողությունները փոխվում են․ դժվարանում եմ դա բացատրել, բայց այդ ամենը տեղի է ունենում հենց ներկայացման ժամանակ։ Ըստ իս՝ այս ներկայացումը կազմված է ոչ թե երկու, այլ երեք դերասանից, երրորդը հանդիսատեսն է, որի էներգիայից, տված ազդակներից կախված է քո ներկայացման ձևը՝ հուզականության, ասելիքի ծավալը»,– ասաց դերասանուհին ու նկատեց, որ սա ֆիզիկական իմաստով ակտիվ ներկայացում չէ, ինչը բարդացնում է աշխատանքը։
«Ես ունեմ ներկայացումներ, որտեղ 2–3 ժամ ոչ միայն խոսքն է շատ, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այդ իմաստով «Շոկոլադի» շարժողականությունը քիչ է։ Գործողությունները ծավալվում են վերելակում, ինչը և՛ լավ է, և՛ բարդացնում է աշխատանքը։ Դերասանի համար ինչքան շատ է աշխատելու տարածությունը, այնքան շատ է գործիքակազմը։ Ստատիկ վիճակում հուզել հանդիսատեսին, հրամցնել քո դրաման, ներաշխարհը և այդպես պահել մոտ 2 ժամ, ավելի բարդ է»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ այս պարագայում մասնագիտական հմտություններից բացի կարևոր է դերասանի ապրած կյանքը, աշխարհընկալումը։
«Կարևոր է՝ դու որպես մարդ մինչև այդ ինչպե՞ս ես ընկալել աշխարհը, որպես կին ի՞նչ ես ապրել, ինչպե՞ս ես հաղթահարել քո կյանքի բարդությունները, որպես կին որքա՞ն ես քո ցավը քո մեջ սեղմել ու առաջ անցել։ Այն, ինչ դու փորձում ես ներկայացել կերպարի միջոցով, անպայման, կապ ունի քո ապրածի հետ»,–ընդգծեց Լուիզան։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի