Ռեալը կխաղա Բարսելոնայի հետ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում
SPORT«Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Աթլետիկը» կմասնակցեն Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թվականի խաղարկությանը։
«Ատլետիկոն» մրցաշարին կմասնակցի որպես Իսպանիայի գործող չեմպիոն, «Բարսելոնան»՝ որպես երկրի գավաթակիր։ «Ռեալը» կմասնակցի, քանի որ Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Աթլետիկը»՝ որպես Իսպանիայի Գավաթի ֆինալիստ։
Ըստ կանոնակարգի՝ երկրի չեմպիոնը Սուպերգավաթի կիսաեզրափակչում պետք է խաղա Գավաթի ֆինալիստի հետ, իսկ գավաթակիրը՝ այն թիմի հետ, որն առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Հետևաբար, առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բարսելոնան», իսկ երկրորդում՝ «Ատլետիկոն» և «Աթլետիկը»։
Նախատեսվում է, որ Իսպանիայի Սուպերգավաթը կկայանա 2022 թվականի հունվարի առաջին կեսին։
Իսպանիայի Սուպերգավաթի՝ չորս թիմով սխեմային անցնելու որոշումը կայացվել է 2019 թվականի փետրվարին։ Նոր ձևաչափով տիտղոսն արդեն երկու անգամ խաղարկվել է․ 2020-ին այն հաղթել է «Ռեալը», իսկ 2021-ին՝ «Աթլետիկը»։