«Ջերմուկ Գրուպ»-ը 5 մլրդ դրամ կներդնի նոր գործարանի կառուցման համար
ECONOMICSԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության որոշմամբ մինչև երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության ու փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի չափով, որից մոտ 3.46 մլրդ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ. ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.-ին՝ 170, 2017թ.-ին՝ 187 և 2018թ.-ին՝ 205 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձը: