Պաշտոնական․ Զիդանը հեռացավ Ռեալից
SPORT«Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ ակումբից։
«Ժամանակն է հարգել մարզչի ընտրությունը և շնորհակալություն հայտնել Զիդանին պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և այն կրքի համար, որով նա աշխատել է: Զիդանը դարձել է ներկայիս «Ռեալի» խորհրդանիշը», – ասված է ակումբի հայտարարության մեջ:
Ավարտված մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ չկարողացավ որևէ տիտղոս նվաճել: Մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը, ինչպես նաև դուրս մնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից:
2018 թվականին, երբ Զիդանը հեռացավ «Ռեալից» երրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի Գավաթը նվաճելուց հետո, «Արքայական ակումբը» կապ հաստատեց Ալեգրիի հետ, բայց մասնագետն այդ ժամանակ մերժեց «Ռեալին»՝ չցանկանալով հեռանալ «Յուվենտուսից»։ Ալեգրին 2019 թվականից առանց աշխատանքի է։ Մասնագետի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր։
Ավելի վաղ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է գլխավորել «Տոտենհեմը»։ Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ, 53-ամյա իտալացի մասնագետն իր ներկայացուցիչներին խնդրել է բանակցություններ չվարել որևէ ակումբի հետ, բացի՝ «Ռեալից»։