«Ով կարող էր երազել»․ Ladaniva–ի երևանյան համերգն ու հուզիչ դրվագը
LIFEՀայկական ժողովրդական և տարբեր ազգերի ազգային երգեր, որոնք Ladaniva խումբը ներկայացնում է իր մոտեցմամբ․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացավ խմբի առաջին մենահամերգը Հայաստանում, որը կազմակերպել էր Unity Production-ը։
Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։
Խմբի մեներգչուհին՝ Ժակլին Բադասարյանը, հայ է և նրա համար առանձին նշանակություն ուներ երևանյան համերգը։ «Ով կարող էր երազել»,– բեմից նկատեց Ժակլինը։
Ladaniva-ի հիմնադիրները՝ Ժակլինը ու Լուին ոտաբոբիկ էին բեմում։ Նրանք այսպես են սիրում ելույթ ունենալ։
Ժակլինն իրեն բնորոշ անկեղծությամբ երգերի միջակայքում շփվում էր հանդիսատեսի հետ, խոսում ապրումների մասին, ընդունում ջերմ ծափահարություններն ու իր բաժին ծաղիկներն։ Դրանք այնքան շատ էին, որ Ժակլինը կատակեց՝ կարող է ծաղկի սրահ բացել։
«Ես հիմա երջանիկ եմ, բայց սրտումս ցավ կա, ինչպես համոզված եմ, բոլորիդ մոտ։ Վերջին դեպքերից հետո, իհարկե, բոլորս ամեն ինչին այլ կերպ ենք նայում: Բոլորս նույն ցավն ենք ապրել, բայց ես հույս ունեմ, որ Հայաստանը մի օր կդառնա անվտանգ վայր, որտեղ կկարողանանք ապրել, ստեղծել ու երջանիկ լինել: Մենք այսօր ուզում ենք այս դժվար պահին, այս ցավի մեջ ձեզ մի քիչ հույս տալ։ Ինձ համար ավելի դժվար է հիմա գալ Հայաստան, բայց կարծում եմ՝ մշակույթով ամեն-ինչ կարելի է առաջ տանել ու պահպանել»,- ասաց երգչուհին:
Խմբի «Քեֆ չի լինի» երգն ամենաջերմն ընդունվեց լսարանի կողմից, ինչը սպասելի էր․ այն լայն տարածում էր գտել։ Խումբն այս երգը կատարեց երկրորդ անգամ։
Երեկոյի ավարտին Ժակլինն անակնկալ մատուցեց իր տատիկին` հատուկ նրա համար գրված երգով շնորհավորելով նրա ծննդյան օրը: Էմոցիոնալությամբ աչքի ընկած երգչուհին կատարման ընթացքում չկարողացավ զսպել իր հուզմունքը։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի