Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը, Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը և այլք` «Բեկորներ» նոր սերիալում. առաջին մանրամասները
LIFE«Բեկորներ». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր սերիալը, որը ներկայացնում է «Երկուսով» նախագծի թիմը։
Սա պատմություն է 3 ընկերուհու ճակատագրերի մասին։ Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս նախագծում խուսափել են գլխավոր հերոս-հերոսուհի շեշտադրումից։
«Պատմությունը կանանց մասին է, որոնք կյանքի որոշակի փուլում հայտնվել են տարբեր բարդ իրավիճակներում։ Նրանց մարմնավորում են Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը և Անի Պետրոսյանը։ Բավականին շատ ժամանակ ենք տրամադրել այս եռյակին գտնելու համար, քանի որ նրանց ճիշտ ձևավորումը շատ կարևոր էր։ Որպես հեղինակ` ես շատ ոգևորված եմ այս ընտրությամբ»,- ասաց Անին։
Նախագծում խաղում են նաև Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Մուրադ Նադիրյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժան Մարգարյանը, Լիլիթ Սարգսյանը, Սուրեն Թումասյանը։ Անին նշեց, որ էկրան կբերեն նաև նոր դեմքերի։
Սցենարիստը նկատեց, որ չեն ցանկանում հատուկ շեշտադրում անել երիտասարդ կամ ավագ սերնդի վրա։
«Իմ նպատակն այս նախագծում այլ է` չեմ ուզում շեշտադրում անել երիտասարդ կամ տարիքով թիրախային խմբի վրա։ Ռեժիսորի` Հայկ Վարդանյանի հետ խոսելիս էլ ասացի, որ այս նախագիծը դրա մասին չէ։ Ուզում եմ սերիալը դիտեին անկախ տարիքից, քանի որ անդրադառնում ենք մեր հասարակության մեջ ընդունված շատ կարծրատիպերի։ Ցույց ենք տալիս` որքան բարդ է միջին տարիքի կնոջ համար նոր կյանք սկսել։ Մենք` կանայքս, հաճախ լռում ենք այդ մասին, բայց հասարակական կարծիքը, կարծրատիպերը ազդում են մեր կյանքի վրա»,- ասաց Անին։
Սցենարիստի խոսքով` իրադարձությունները ծավալվում են հետպատերազմական Հայաստանում։
«Քաղաքական շեշտադրումներից խուսափել ենք, բայց մեր օրերին հնարավորինս մոտ
իրավիճակ ու տրամադրություն ենք նկարելու։ Ներկայացրել ենք այն ամենը, ինչ ապրել ենք յուրաքանչյուրս»,- ասաց նա։
Հեռուստասերիալի նկարահանումներն արդեն սկսել են, նրանք եթերում կլինեն մինչև հունիսի վերջ։