Կեղծ խոստումների, տապալվածների... եռամյա սև էջը փակվում է. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանությունը հեծնածների այս խմբակը 2018 թ.-ին խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ՀՆԱ-ի տարեկան միջինը 9,5 տոկոս աճ, հիմա էլ՝ առնվազն 7 տոկոս։ Փոխարենը ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը։ 2018 թ.-ի համեմատ 2020 թ.-ին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն աճեց 815,5 միլիարդ դրամով կամ 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ 10 անգամ պակաս չափով՝ 2,8 տոկոսով։ Իրենց համատարած տապալումների հետևանքով թռիչքաձև աճեց պետական պարտքի բեռը. ապիկար կառավարում և տոտալ անպատասխանատվություն, անսահման պոպուլիզմ և անաշխատ պարգևատրումներ, պինցետով և օղիով COVID-19-ի դեմ «պայքար», հրահրված պատերազմ, խայտառակ պարտություն և այլն։ Այսպիսով, գողացան նաև մեր երկրի զարգացման ապագա ներուժից։
2018 թ.-ին խոստացել էին նաև օտարերկրյա ներդրումների բում։ Փոխարենը նախորդ երեք տարիներին կապիտալը փախչում է երկրից։ 2019 թ.-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 41,9 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019 թ.-ին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում: Իսկ արդեն 2020 թ.-ին արձանագրված բացասական մնացորդը՝ ՕՈՒՆ-ի արտահոսքը, շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցեց ներհոսքին: 2018 թ.-ին խոստացել էին աղքատության էական կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Հիմա էլ են խոստանում կրկնակի նվազեցնել աղքատությունը։ Փոխարենը ահագնացող գնաճը խժռում է մարդկանց իրական եկամուտները։
2020 թ. հունվարի 1-ից հետո սննդամթերքի միջին գներն աճել են 13 տոկոսով, միջին կենսաթոշակը բարձրացել է 2 անգամ պակաս չափով։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,5 անգամ ավելի է կենսաթոշակի միջին չափից, իսկ 2,5 անգամ՝ նվազագույն չափից։ 2018 թ.-ի համեմատ 2019թ.-ին աղքատության մակարդակն աճեց 3 տոկոսային կետով՝ դառնալով 26,4 տոկոս։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2020 թ.-ին աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։ Եկան իշխանության, ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ։ Ժողովրդագրական բացասական միտումները ևս սաստկացել են։ 2020 թ.-ին արդեն եղավ աննախադեպ բացասական արձանագրում՝ մահերը գերազանցեցին ծնվածների թվաքանակը։ Բնակչության բնական հավելաճի բացասական արձանագրումը շարունակվում է նաև այս տարի։
2021թ. հունվար-ապրիլին 238-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, Հայաստանից շուրջ 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել է։ 2021թ.-ի հունիսի 21-ին բացվելու է նոր ճանապարհ՝ ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։ Հրատապ կասեցվելու է այս աղետալի անկումը, բուժելու ենք մեր վերքերը, ունենալու ենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն և ԹՌԻՉՔԱՁԵՎ զարգացում։ «Հայաստան» դաշինքի նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։
«Հայաստան» դաշինքը սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմքում դնելու է կենսապահովման նվազագույն բյուջեն՝ եկամուտների ինդեքսավորման գաղափարը։ Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ ապահովելու ենք կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։ Մենք Հայաստանը դարձնելու ենք ապրելու և հայրենադարձության երկիր։ Հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման, սեփական երկրում ամրանալու իրական հնարավորություն։
ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
տնտեսագետ, իրավագետ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում