Լիդուշիկի նոր ֆոտոշարքն ու մազերը վարդագույն ներկելու որոշումը
LIFEԵրգչուհի Լիդուշիկը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է կերպարային փոփոխությամբ։ Լիդուշիկն այն տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ որոշել էին այս կերպարն օգտագործել որևէ տեսահոլովակում, սակայն մի քանի անգամ մտափոխվելուց և տեսահոլովակում այլ կերպար օգտագործելուց հետո որոշեցին այն օգտագործել ֆոտոշարքի համար։
«Լուսանկարների համար մազերս մեկ օրով վարդագույն ներկեցի։ Վառ, գունավոր կերպար ստացանք, որն ինձ շատ դուր եկավ։ Երկու ֆոտոշարք ենք իրականացնել՝ մեկում ավելի վառ կերպարով եմ, մյուսում՝ դասական։ Առաջինը նորություն է, երկրորդն օգտագործել էինք նաև «Լիքը սեր» տեսահոլովակում։ Ինձ երկուսն էլ դուր են գալիս, սակայն վառ կերպարն ինձ ավելի համապատասխան է։ Առօրյա կերպարիս գունավորն ավելի մոտ է, բայց դասական ոճն էլ սիրում եմ, պարզապես շատ չեմ օգտագործում։ Երկրորդ դեպքում կարևոր էր նաև դեմքի լուրջ, հավաք արտահայտությունը։ Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել, արձագանքներն էլ դրական են»,– ասաց 22-ամյա երգչուհին։
1 օրով մազերը վարդագույն ներկելու որոշումը Լիդուշիկը հեշտ է կայացրել, քանի որ ժամանակակից միջոցները թույլ են տալիս նման փորձարկումներ անել առանց վարսերը վնասելու և երկար պրոցեդուրաների։ Երգչուհին մազերը բաց երանգով էր ներկել դեռ որոշ ժամանակ առաջ, ասում է՝ այսպես իրեն դուր է գալիս, առայժմ չի ցանկանում վերադառնալ վարսերի բնական երանգին։
«Գունային փոփոխությունը պարբերաբար թարմացնում եմ։ Ինձ շատ է դուր գալիս։ Առհասարակ, նման հարցերում քմահաճ չեմ։ Գնում եմ գեղեցկության սրահ ու վարսահարդարիս ասում՝ դու գիտես, ինչ պետք է անես։ Այսքան ժամանակ նույնիսկ երանգ ցույց չեմ տվել իրեն։ Սիրում եմ վստահել մասնագետներին»,– ասաց նա։
Երգչուհին այս ֆոտոշարքով ներկայացրել է նաև իր նոր՝ «Տարեդարձ» երգը։ «Երգի երաժշտութան, խոսքերի, գործիքավորման, ձայնագրման հեղինակն Արտեմ Վալտերն է։ Ես միայն երգել եմ, մնացած ամեն ինչ ինքն է արել,– ասաց Լիդուշիկն ու վստահեցրեց, որ իրենց նպատակն այս երգով կորպորատիվ միջոցառումների հրավերների քանակն ավելացնելը չէր, քանի որ նմանատիպ երգեր էլի ունի։ –Իմ երգացանկում ծննդյան օրվա մասին երգեր կային, բայց կարծում եմ՝ փոքր–ինչ հնացել էին, քանի որ երկար տարիներ է՝ երգում եմ դրանք։ Ժամանակն էր թեմատիկ նոր երգ ունենալու»։