Էդգար Էլբակյանն այսօր կդառնար 38 տարեկան․ Լիլի Էլբակյանի հրապարակումը եղբոր հիշատակին
LIFEԱյսօր Արմեն և Աննա Էլբակյանների լուսահոգի որդու՝ Էդգար Էլբակյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 38 տարեկան։
Էդգարի քույրը՝ դերասանուհի Լիլի Էլբակյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր, դերասան Ստեփան Ղամբարյանի և նրանց երրորդ ընկերոջ՝ Արեգի արխիվային լուսանկարը։ Վերջինս Էդգարի հետ է եղել չարաբաստիկ դեպքի օրը։ Նրանք մահացել են 2000 թվականին՝ դժբախտ պատահարի հետևանքով։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Էդգար Էլբակյանը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։
2002 թվականին լույս է տեսել նրա «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։ 2018 թվականին դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ լույս է տեսել Էդգարի գրած երգերի հիման վրա ստեղծված ձայնասկավառակը։
Նշենք, որ Լիլին Tert.am Life-ի հետ զրույցում, խոսելով եղբոր մասին, ասել էր՝ Էդգարը եղել է իր օրինակը։ «Ինքը նվագում էր, ես էլ էի նվագում, գրում էր, ես էլ էի գրում, երգում էր, ես էլ էի երգում։ Իրեն կորցնելն անբացատելի ցավ էր։ Ես ուղղակի մեծացա։ Մինչև հիմա, երբ քույր ու եղբայր եմ տեսնում, լաց եմ լինում։ Երբ երեխաներս վիճում են, ասում եմ` իրար գնահատեք, պահեք։ Մենք շատ կապված էինք և շատ էինք սիրում իրար։ Այդ ցավը երբեք չի մոռացվել, ուղղակի իմ ծնողները որոշում ունեին`իրենց ցավն ուրիշների վրա «չփաթաթել»։ Մենք նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել այդ ցավը, որպեսզի իրար խնայենք։ Այն, ինչ մենք զգում ենք, ամեն մեկս ապրում ենք մեզ համար»,- նշել էր դերասանուհին։
Հավելենք նաև, որ Լիլին որդուն անվանակոչել է ի պատիվ իր եղբորը։