ՀՖՖ-ն ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ է արել
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։
Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության եւ «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղարկել է ակումբներին:
Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի եւ ՖԻՖԱ-ի համագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն համագործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։