«Հիմա շատ գգույշ ու բծախնդիր եմ վերաբերվում տղամարդկանց». Ջուսը՝ 42-ում իրեն 25 տարեկան զգալու ու այժմ միայնակ լինելու մասին
LIFEԵրգչուհի Ջուսը հուլիսի 9-ին նշել է ծննդյան 42-ամյակը, թեեւ ինչպես ինքն է ասում՝ ծննդյան օրն առանձնահատուկ տոնելու ցանկություն չի ունեցել, սակայն ընկերներն ու գործընկերները որոշել են անակնկալ մատուցել իրեն եւ նշել իր օրը հենց այն վայրում, որտեղ աշխատում է երգչուհին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուսը պատմել է, որ չի վախենում մեծանալուց եւ բացահայտել իր՝ ավելի երիտասարդ երեւալու գաղտնիքը:
«Ծնունդս նշեցի երգելով՝ երաժշտական կենտրոններից մեկում, որտեղ աշխատում եմ: Ներկա էին ընկերներս եւ գործընկերներս: Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմության ու ուշադրության համար: Ես դա շատ եմ գնահատում»,-նշեց երգչուհին՝ նկատելով, որ շատերն են զարմանում իր իրական տարիքն իմանալով.
«Սիրում եմ, երբ տարիքս ասելիս մարդիկ շոկի են ենթարկվում: Գիտեմ, որ տեսքս 25 տարեկանի է, ու դա պայմանավորված է ոչ թե անձնագրում ամրագրված թվերով, այլ օրգանիզմիս ներքին երիտասարդությամբ: Հենց դա ընդունելով ես հասկանում՝ որքանով ես մեծ իրականում»:
Իր երիտասարդության գաղտնիքը Ջուսը համարում է առողջ ապրելակերպ վարելը.
«Ես չեմ ծխում, չեմ խմում, զբաղվում եմ ֆիթնեսով, դրա համար ինձ միշտ 25 տարեկան եմ զգում՝ թե մարմնով, թե հոգով»:
Ժամանակին մամուլում անդադար քննարկվում էին Ջուսի սիրավեպերը, այնուհետեւ՝ ամուսնությունն ու սկանդալային բաժանումը: Երգչուհին նշում է՝ այս պահին իր կյանքում չկա տղամարդ, եւ դրա համար կան պատճառներ.
«Քանի որ ամեն ինչից դաս եմ քաղում, հիմա շատ գգույշ ու բծախնդիր եմ վերաբերվում տղամարդկանց: Այդ է պատճառը, որ հիմա չկա այն մեկը, որն ամեն ինչով ինձ դուր կգա: Դեռ չկա, բայց դե հրաշքներ կատարվում են: Մարդ ես՝ գուցե հանկարծ հայտնվի այն մեկը, որն ինձ կվերաբերվի թագուհու պես»:
Անդրադառնալով տարիների իր ձեռքբերումներին՝ երգչուհին ընդգծեց.
«Իմ ձեռքբերումը նոր Ջուսն է, որը փոխվել է 180 աստիճանով: Հիմա ես ինձ ավելի եմ դուր գալիս, քան կարմիր մազերով եւ խենթ Ջուսը: Հիմա իմ խենթությունն ավելի բարձր մակարդակի վրա է, եւ ես խոստանում եմ նոր ու էլ ավելի թեժ երգեր իմ երկրպագուների համար»: