«Իմ սրտով ընտրություն էր». «Սարի աղջիկ» սերիալից Աիդա Կարապետյանի 19-ամյակի խնջույքը, հյուրերը, հատուկ ընտրված տորթն ու նվերները
LIFETert.am Life-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Աիդա Կարապետյանը երեկ նշել է 19-ամյակը:
Այդ առթիվ ծնողները նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:
Աիդայի խոսքով՝ արագ գլխի է ընկնում, երբ ուզում են իր համար ինչ-որ անակնկալ կազմակերպել: «Դա էլ իմ վատ սովորությունն է: Ես մոտավոր հասկանում էի, թե շուրջս ինչ է կատարվում: Մտադիր էի 20-ամյակս մեծ նշել, բայց ծնողներս նաև 19-ի համար խնջույք կազմակերպեցին»,- ասաց նա:
Երիտասարդ դերասանուհու ծննդյան հյուրերի ընտրությամբ ևս ծնողներն են զբաղվել: «Հյուրերիս թվում էին ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս, «Սարի աղջիկ» հեռուստասերիալից գործընկերներս՝ Անուշկա Մարգարյանը, Անիտա Ավետիսյանը, Կարո Հովհաննիսյանը, Սարգիս Թաշչյանը: Սերիալի ավարտից հետո նրանց հետ կապը պահպանվել է, գործընկերային հարաբերությունները դարձել են ընկերական: Ծնողներս, երևի, խորհրդակցել էին ընկերներիս հետ՝ հասկանալու, թե ում հետ եմ մտերիմ՝ չնայած իրենք էլ քաջատեղյակ են: Ամեն ինչ իմ սրտով էր, լավ օր ունեցա»,- պատմեց նա:
Աիդան ասաց, որ տորթի ընտրությունը մայրիկին է եղել: «Նա այդպիսի հարցերում շատ ուշադիր է և գիտի, թե ինչ եմ սիրում: Ես սիրում եմ արջուկներ, փոքրուց շատ եմ սիրում լուսինը: Տորթի վրա հենց դրանք էին, իմ սրտով ընտրություն էր,- ասաց նա և հավելեց, որ ընկերները լուսնի տեսքով վզնոցներ էին նվիրել,- Նրանք գիտեին, որ լուսին շատ եմ սիրում և վերջերս կորցրել էի իմ լուսին վզնոցը: Եղբայրներիցս մեկն ինձ մատիտով նկարել էր, այդ նվերն էլ շատ հավանեցի»:
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի