«Երեխաներս ուզում էին խաղալ «Դեպի ճամբար»–ում, բայց ես չեմ ուզում պապայի հնարավորություններով ինչ–որ բանի հասնեն»․ Գոռ Հակոբյանը կխաղա «Դեպի ճամբար»–ում և արտաքին փոփոխություն կանի
LIFEԴերասան Գոռ Հակոբյանն այս եթերաշրջանում կմիանա «Դեպի ճամբար» նախագծի թիմին։ Գոռը նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ մարմնավորելու է ջոկատավարի, որը նոր է ազատ արձակվել կալանավայրից։
«Կերպարս հայտնվել է ճամբարում որպես ջոկատավար, քանի որ այլ աշխատանք գտնել չի կարողացել։ Կիսաքյառթու, կիսագողական կերպար է։ Մտածում եմ արտաքին փոփոխություն անել այս դերը խաղալու համար»,– ասաց Գոռը։
Դերասանը պատմեց, որ ԱՄՆ–ից վերադառնալուց հետո առաջարկը ստացել է Գրիգոր Դանիելյանից, սիրով ընդունել է, հատկապես, որ իր հաջորդ նախագիծը սկսվելու է փետրվարին։
««Հարս չկա»–ն ավարտվեց, Արմեն Պետրոսյանի հետ մեր հաջորդ նախագիծը լինելու է փետրվարին, այնպես որ, սիրով ընդունեցի առաջարկը։ «Դեպի ճամբար»–ն իրոք շատ հաջողված նախագիծ է։ Այդ մասին են վկայում նաև թվերը։ «Արմենիա TV»–ի գարնանային եթերաշրջանում 3 սիթքոմ է եղել՝«Հարս չկա»–ն, «Դեպի ճամբար»–ը և «Ֆեյք պապա»–ն։ «Դեպի ճամբար»–ն ունեցել է ավելի բարձր վարկանիշ, քան մյուս երկուսը»,– ասաց նա։
Գոռը նշեց, որ շատ է սիրում «Դեպի ճամբար» նախագիծը, թիմում նորեկ չէ, քանի որ սաունդթրեքի և երաժշտական ձևավորման հեղինակն ինքն է։
«Ես մի քանի անգամ եղել եմ նկարահանման հրապարակում։ Ինձ շատ հետաքրքիր էր հատկապես երեխաների հետ աշխատանքը։ Ուրախ եմ, որ որպես դերասան կաշխատեմ երեխաների հետ»,– ասաց նա ու հավելեց, որ իր որդիները՝ Վարդանն ու Ֆելիքսն էլ են նախագծի երկրպագուները։
«Իրենք ինձ հետ եղել էին նկարահանման հրապարակում, շատ էին ուրախացել, քանի որ միշտ հետևում էին սիթքոմին։ Երբ իմացան, որ ես էլ եմ նկարահանվելու, շատ ոգևորվեցին։ Խնդրում էին, որպեսզի իրենք էլ էպիզոդիկ դեր ունենան սիթքումում, բայց ես դեմ եմ։ Նախ՝ կարծում եմ՝ դեռ փոքր են, իրենց հետաքրքրությունները կարող են փոխվել, մի քիչ էլ մեծանան, նոր կհասկանան՝ ինչ են ուզում։ Երկրորդ՝ ինձ համար սկզբունքային է, որ ես իրենց ինչ–որ տեղ չտեղավորեմ։ Չեմ ուզում իմ երեխաները պապայի հնարավորություններով ինչ–որ բանի հասնեն, ուզում եմ հասկանան, ձգտեն, հասնեն, ոչ թե ես մի քանի զանգ անեմ ու հայտնվեն հեռուստատեսությունում»,– ասաց դերասանը։