«Գրպանից հանեց մատանին ու այն օդապարիկից ընկավ». Compass band-ի Արշավիրն ամուսնության անակնկալ առաջարկություն է արել Մաշային օդապարիկում
LIFECompass band-ից լսարանին հայտնի Արշավիր Գրիգորյանն օրերս անակնկալ ամուսնության առաջարկություն է արել պարուհի, հաղորդավարուհի Մաշա Ենոքյանին: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան պատմել է առաջարկության մանրամասների մասին:
Զույգն արդեն 8 տարի է, ինչ միասին է: Մաշան 23 տարեկան է, Արշավիրը՝ 22: Պարուհու խոսքով՝ չէր պատկերացնում, որ այդ օրը, այդ ժամին ամուսնության առաջարկություն կստանա:
«Սիրելիս՝ Արշավիրը, ասել էր, որ այդ օրն առավոտյան 5-ին նկարահանում եմ ունենալու: Ինձ զանգահարել էր քասթինգ մենեջերը, ասել էր նույնիսկ, թե ինչ պետք է հագնեմ: Արշոն առավոտյան եկավ իմ հետևից, գնացինք, բայց զգում էի, որ ճանապարհը շատ երկար է: Հասանք Գառնի, տեսա օդապարիկը, որն ինձ համար երազանք էր: Վաղուց ասել էի, որ շատ կցանկանայի օդապարիկով վերև բարձրանալ, սիրելիս իմ երազանքների մասին գիտեր: Արշոն իրականացրեց իմ երազանքը»,- պատմեց նա:
Ըստ Մաշայի՝ օդապարիկը տեսնելուն պես մոտավոր հասկացել է, թե ինչ է կատարվում: «Բարձրացանք, գրպանից հանեց մատանին ու այն օդապարիկից ընկավ: Քիչ էր մնում ես էլ մատանու հետևից գնայի, խառնվել էի շատ: Պարզվեց՝ կատակ էր, իրական մատանին իր գրպանում էր: Հանեց ու առաջարկություն արեց, որը միանգամից ընդունեցի»,- ասաց նա:
Մաշան պատմեց, որ առաջարկությունից հետո իջել են ներքև, որտեղ իրենց սպասում էին ընկերները: «Միասին նշեցինք, ուրախացանք ու վերադարձանք մեր գործերին, քանի որ ծրագրած նկարահանումներ ունեինք: Մոտ ժամանակներս ծրագրում ենք նշանադրության նման մի բան կազմակերպել, հավաքվել ընտանիքի, հարազատների հետ միասին: Ինձ համար այդ օրն էմոցիաների պայթյուն էր: Իմ սիրելի մուլտֆիլմն է «Վերև»-ը, որի պատմությունը բոլորի համար պետք է օրինակ դառնա: Եթե բռնում ես մարդու ձեռքը, պետք է մինչև վերջ բաց չթողնես, իրականացնես նրա երազանքները»,- նշեց նա:
Արշավիրն ու Մաշան երկար տարիներ է, ինչ միասին են: Պարուհին շեշտեց՝ երբեմն կողքից ասում են՝ ճիշտ չէ, որ երկար ժամանակ ընկերություն անեն, բայց ինքը համաձայն չեմ: «Հրաշալի է, երբ դիմացինիդ ճանաչում ես, կարողանում ես տեսնել նրա առավելություններն ու թերությունները: Ինձ համար այդ ամենը կարևոր է, չեմ զղջում միասին անցկացրած ոչ մի օրվա համար: Մեր հարաբերությունները բավականին դժվար փորձություններ են հաղթահարել: Կարողացել ենք իրար հասկանալ, որովհետև երկուսս էլ արվեստի մարդիկ ենք»,- ասաց պարուհին:
Մաշան ընդգծեց, որ ընտրյալն ազատ մտածելակերպ ունի, իր առջև արգելքներ չի դնում: «Արշավիրը չի սիրում «հայավարի» մտածելակերպը, արգելքները: Խոսում ենք, իրար հասկանում, մեկ հայտարարի ենք գալիս: Հանգիստ բնավորություն ունի, համբերատար կարող է լսել»,- նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Արշավիրի ընտանիքի անդամների հետ, Մաշան պատասխանեց. «Արշավիրի ընտանիքի հետ վաղուց եմ ծանոթ, քանի որ համերգների ժամանակ տեսել եմ: Շփումն արդեն, բնականաբար, տեղափոխվել է այլ դաշտ, հիմա ավելի ջերմ ենք»: