Սիլվա Հակոբյանի դստեր 2-ամյակը, տպավորիչ նվերն ու շուտ մանկապարտեզ գնալու պատճառը
LIFEԵրգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, երեկ դարձել է 2 տարեկան։ Ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել, սակայն Միլայի համար ապահովել են ուրախ և լավ օր։
Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ խնջույք չեն կազմակերպել, քանի որ քույրը՝ Մանե Հակոբյանը ծննդաբերությունից հետո դեռ հիվանդանոցում է, մայրը նրա հետ է, սկեսուրը՝ Վայքում։
«Այս պահին մի փոքր ցրված էինք։ Միլան էլ դեռ չի հասկանում, որ իր ծնունդն է, որոշեցինք ուղղակի լավ օր ապահովել նրա համար»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ փոքրիկի ծնունդը նշել են նախ՝ մանկապարտեզում, հետո տանը։
«Իր համար լավ միջավայր էր, տանն իր քույրերն ու եղբայրներն էին։ Կային շատ փուչիկներ, իսկ ինքը փուչիկներ շատ է սիրում։ Գունավոր տորթ ուներ, որի մոմերը փչեց։ Դեռ չի հասկանում, որ իր ծնունդն է, բայց մոմ փչելը տեսել, սովորել է, երգում է «happy birthday to you» ու փչում մոմը:)»,– պատմեց մայրիկը։
Փոքրիկն արդեն 1 շաբաթ է, ինչ մանկապարտեզ է գնում։ Ի զարմանս Սիլվայի՝ շատ լավ է հարմարվել, տարեդարձն էլ ուրախությամբ նշել է նաև մանկապարտեզում։ «Քանի որ Միլան շփվող չէ, որոշեցի տանել մանկապարտեզ, որպեսզի սկսի ինտեգրվել, ավելի շփվող դառնա։ Այլ պատճառ չկար, որ այսքան շուտ նրան տանեի մանկապարտեզ։ Ի զարմանս ինձ՝ շատ լավ հարմարվեց։ 3 օր փորձնական տարանք, սկզբում թաքուն էի փախչում իրենից, հիմա ասում եմ՝ գնում եմ գործի, ասում է՝ լավ։ Ես մտածում էի լացկան երեխաներից է լինելու, բայց շատ է հավանում անձնակազմին, երեխաներին։ Եթե չսիրեր, չէր մնա։ Երեկ էլ մանկապարտեզում իրեն շատ տոնական դիմավորեցին, նվերներ տվեցին, մենք էլ տորթիկ էինք տարել։ Իրենք էնտեղ նշել էին ծնունդը, էլի տորթի մոմ էր փչել, լավ տրամադրությամբ եկավ տուն»,– պատմեց երգչուհին։
Փոքրիկը երեկ բազմաթիվ շնորհավորանքներ ու տարբեր նվերներ է ստացել։ «Ամենից շատ ուրախացել էր մանկական մեքենայից։ Երեխաների մեջ կռիվ էր ընկել:) Ոչ ոքի էլ չէր հիշում, մեքենայից չէր իջնում»,– ծիծաղելով ասաց Սիլվան ու հավելեց, որ Միլայի շնորհավորանքները շատ–շատ են, նույնիսկ չի հասցրել բոլորին պատասխանել, բայց շատ զգացված է դստերն այսքան սեր և ուշադրություն տալու համար։
Երգչուհին նշեց, որ օգոստոսն իրենց ընտանիքում ուրախությունների ամիս է․ այսօր էլ պատրաստվում են դիմավորել քրոջը՝ Մանե Հակոբյանին և նորածին դստերը՝ Վանեին։