Բրյուսելում ձերբակալել են երկու եղբայրների՝ կապված Փարիզի ահաբեկչությունների հետ
INTERNATIONAL NEWSԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում երկու մարդու է ձերբակալել:
RTBF հեռուստաալիքի տվյալներով, նրանք եղբայրներ են: Ներկայումս նրանք տեղափոխվել են ոստիկանության տեղի բաժին՝ հետագա քննության համար:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել քաղաքի շենքերից մեկում, որի հետ կապված հարեւան շենքերի բնակիչներին ժամանակավորապես տարհանել են: Ոստիկանության գործողություններն ուղղված են եղել Փարիզի ահաբեկչությունների հետ առնչություն ունեցող ծայրահեղականների որոնմանը: Նշվում է, որ իրավապահներին թիրախը չի եղել Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո, որի ժամանակ 130 մարդ էր մահացել, Բելգիայի իշխանությունները ողջ երկրում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: Բելգիայի բանակն ու ոստիկանությունը մի քանի տասնյակ հակաահաբեկչական շուրջկալներ են կազմակերպել, որոնց մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում Մարոկկոյից ժամանածներով բնակեցված Մոլենբեկ կոմունայում:



