«Սա իմ երազանքն էր, բայց մտածում էի՝ հասակս բարձր չէ». դերասանուհի Ադրիանա Գալստյանը՝ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելու մասին
LIFEԴերասանուհի Ադրիանա Գալստյանը մասնակցում է «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին, որը հաղթելու դեպքում Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթին:
Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան ասաց, որ դա իր համար մեծ երազանք է:
««Միսս Տիեզերք»-ին մասնակցելու ցանկությունս շատ վաղ տարիքից կար, բայց ունեի որոշ սահմանափակումներ և մտածում էի, որ դա երազանք էլ կմնա: Ես մտածում էի, որ եթե շատ բարձր հասակ չունես, չես կարող մասնակցել մրցույթին: Իհարկե, ես ցածրահասակ էլ չեմ, սակայն կարծում էի, որ մրցույթին մասնակցելու չափանիշները շատ ավելի բարձր են,- ասաց նա ու հավելեց, որ կարծրատիպը կոտրվել է Գոհար Հարությունյանի տեսաուղերձը դիտելուց հետո և որոշել է գնալ իր երազանքի հետևից:
«Ժամանակ առ ժամանակ ինքս ինձ ասում եմ՝ Ադրիանա, հավատա, դու արդեն քո երազանքի մեջ ես»,- ոգևորությամբ նկատեց նա: Դերասանուհին որպես ֆոտոմոդել ներկայացել է, սակայն պոդիումով քայլելու փորձ չունի: Ասում է՝ սկզբում մտավախություն ուներ, թե մարդիկ ինչպես կընդունեն իր մասնակցության լուրը:
«Մտածում էի, գուցե, մարդիկ ասեն` իսկ ի՞նչ կապ ունի դերասանուհին «Միսս Տիեզերք»-ի հետ, բայց ինքս ասելով դերասանուհի՝ պատկերացնում եմ մի շարք որակների համադրություն` գեղեցկություն, խոսք, կուլտուրա, պահվածք, վերաբերմունք: Սա իմ երազանքն է: Կյանքն ընդամենը մեկ անգամ է մեզ տրված, թող մյուսների կարծիքը չսահմանափակի մեզ գնալու մեր երազանքների ու նպատակների հետևից: Արդեն սպասումներիս կես ճանապարհին եմ, որովհետև մարդիկ շատ դրական արձագանքեցին իմ մասնակցությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ ներուժը դնում է մրցույթի մեջ: Նա նաև նշեց, որ սերիալներում իրեն այլևս չեն տեսնի:
Հարցին, թե ինչպես է գնահատում իր հնարավորությունը, Ադրիանան պատասխանեց. «Ցանկացած դեպքում ես գնահատում եմ մարդու ցանկությունն ու աշխատասիրությունը: Դրանք ունենալու դեպքում անհնարին ոչինչ չկա: Այլ տվյալների մասին խոսել չեմ ուզում, որովհետև չեմ ուզում ինձ համեմատել և դրանից ելնելով ասել ինչ առավելություններ ունեմ: Ես եզակի եմ, և դա արդեն իմ առավելությունն է»: