Գեղասահքի նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունը կավելանա
SPORTՀայ գեղահասորդներն այսուհետև կկարողանան մարզվել ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում: Իրինա Ռոդնինայի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի բացման շնորհիվ սպորտաձևը կզարգանա Հայաստանում: Նման տեսակետ դեկտեմբերի 21-ին արտահայտեցին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մարզիչները: «Մենք հիմնականում մեր մարզիկների հետ արտասահմանում էինք աշխատում, հիմա ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոց: Մեր երազանքն իրականացվել է, մեր հույսը չեմպիոններ ունենալն է: Ներկա պահին դպրոցում 7-8 մարզիչ է աշխատում, հետո կավելանան: Հույս ունենք, որ այս դպրոցով չենք սահմանափակվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց մարզիչ Էլեն Համբարձումյանը:
Նրա խոսքով`սա ամենաառողջարար սպորտաձևերից մեկն է: «Սա սպորտաձև է, բայց նաև արվեստ է, տղաները շատ անգամ ասում են, թե սպորտաձևն աղջիկների համար է. չհամաձայնեմ, թույլ տղաների համար չէ այս սպորտաձևը: Մեր սպորտաձևում բոլորը նվիրյալ են`թե' մարզիկները, թե' մարզիչները և թե' երեխաների ծնողները»,-նշեց Էլեն Համբարձումյանը`շեշտելով, որ մարզադպրոցում երեխաներն անվճար հիմունքներով են սովորում:
Մարզչի խոսքով`Իրինա Ռոդնինան այցերով լինելու է Հայաստանում, աշխատելու է մարզիկների, մարզիչների հետ: «Ունենք լավ մարզիչներ, որոնք արտասահմանում են աշխատում, այստեղի մարզիչներն էլ վերապատրաստումներ են անցնելու»,-շեշտեց նա:
Գեղասահքի ֆեդերացիայի մարզիչ, բժիշկ Վահրամ Սարգսյանի խոսքով` Խորհրդային միության տարիներին գեղասահքը լուրջ զարգացում ունեցավ: Ներկայում էլ ակնկալվում է, որ գեղասահորդները Հայաստանում կավելանան: «Մարզիկների քանակը քիչ չէ, բայց շատ էլ չէ, ավելանալու միտում կա»,-համոզված է նա:
Գեղասահքի և տափօղակով հոկեյի սիրահարներն Հայաստանում հնարավորություն ունեն մարզվել բարձրակարգ մարզադպրոցում: Երևանում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրինա Ռոդնինայի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: