Լուկաշեւիչ. Մոսկվան հույս ունի, որ ԼՂի հարցում Բաքվի եւ Երեւանի միջեւ առարկայական երկխոսություն կլինի
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առարկայական երկխոսություն սկսել: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ կողմերը առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ», - ասել է Լուկաշեւիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը հակամարտության կարգավորման «զգալի տեղաշարժ» է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները տեղեկացրել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հայ-ադրբեջանական շփման գոտում ուժային գործողությունների ռիսկի կրճատման առաջարկների, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:



