«Ես էլ եմ անցել պատերազմի միջով ու գիտեմ այդ ցավը»․ «Միսս Աշխարհ Արմենիա» դարձած Միրնա Բզդիգյանի ելույթները մրցույթում և գլխավոր նպատակը
LIFE«Միսս Աշխարհ Արմենիա» ճանաչված Միրնա Բզդիգյանը Սիրիայից է։ 2 տարի է, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Միրնան պատմում է, որ իր մանկությոնը շատ ծանր է անցել, տասը տարեկան էր, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը։
Tert.am Life–ը ներկայացնում է Գեղեցկուհու նոր տիտղոսակրին։
19-ամյա Միրնան սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ցանկանում է դառնալ իրավապաշտպան: Պրոֆեսիոնալ լողորդ է, եղել է Սիրիայի հավաքականի անդամ, սակայն կարիերան կիսատ է մնացել։
Հաղթանակի պահին Միրնան չկարողացավ զսպել հուզմունքը։ Ասում է՝ դժվար ճանապարհ է անցել այս օրվան հասնելու համար։ «Զգացողություններս շատ խառն են: 20 աղջիկ սպասում էին այս տիտղոսին։ Ես ինձ շատ բախտավոր եմ զգում ու շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, ժյուրիի անդամներին՝ ինձ այս հնարավորությունը տալու համար: Խոստանում եմ տիտղոսը կրել ամբողջ պատասխանատվությամբ ու Հայաստանը «Միսս Աշխարհ»-ին ներկայացնել ամենաարժանի ձևով»,– ասաց աղջիկը։
Միրնայի խոսքով՝ իր արտաքինում որևէ փոփոխություն չի արել։ «Որևէ միջամտություն չեմ արել։ Դա չէ, որ քեզ գեղեցիկ է դարձնում։ Ներքին գեղեցկությունից է բխում արտաքին գեղեցկությունը»,– ասաց նա ու հավելեց, որ սա իր առաջին փորձն էր մասնակցելու գեղեցկության մրցույթի։
Միրնան պրոֆեսիոնալ լողորդ է, սակայն կարիերան կիսատ է մնացել։ «Վեց տարի եղել եմ Սիրիայի հավաքականում, սակայն երբ տասը տարեկան էի, Սիրիայում սկսվեց պատերազմը։ Շատ դժվարությունների միջով անցանք, ինչն ազդեց նաև իմ կարիերայի վրա: Ստիպված էի թողնել նպատակս ու գալ Հայաստան, որպեսզի ես ու ընտանիքս ավելի խաղաղ պայմաններում ապրենք։ Դժբախտաբար, այստեղ հնարավորություն չունեցա շարունակելու կարիերաս։ Սակայն շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունն ինձ տրվեց։ Ավելի լավ ստացվեց, ես Հայաստանը ներկայացնեմ, ոչ թե Սիրիան»,– ասաց նա։
Միրնան ուզում է իր օրինակով ցույց տալ մարդկանց, որ անկախ պատերազմի բերած դժբախտություններից՝ կարելի է ոտքի կանգնել։
«Երկու նպատակով եմ մասնակցել մրցույթին: Հայաստանն էլ, ցավոք, ապրեց պատերազմը, ես գիտեմ մարդկանց այդ ցավը, և ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ ինչպես ես դժվարությունների միջով անցնելուց հետո դարձա տիտղոսակիր, բոլորն էլ մի օր կկարողանան լույս գտնել։ Ես հավատում եմ, որ անձրևից հետո գալիս է արևային սիրուն եղանակ: Պիտի հավատանք, որ պատերազմը կավարտվի։ Համաշխարհային մրցույթում ուզում եմ ներկայացնել հայ կնոջ կերպարը, Հայաստանը՝ իր բոլոր դժվարություններով, որովհետև մեր երկիրն արժանի է մեծ երկրների մեջ դառնալ հայտնի։ Ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունն իմ ուսերին»,– ասաց նա։